Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի «Ելք» խմբակցության հետ


Արմեն Սարգսյանը վաղը կհանդիպի «Ելք» խմբակցության հետ
Փետրվար 8 14:56 2018

Իշխող Հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վաղը Ազգային ժողովում կհանդիպի ընդդիմադիր «Ելք» դաշինքի խմբակցության հետ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Միաժամանակ, նա վերահաստատեց, որ այդ հանդիպումը չի փոխելու իրենց դիրքորոշումը, և «Ելք»-ը դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը:

«Լսելու ենք նրա տեսլականը, թե նախագահի պաշտոնում նա ինչպես է տեսնում իր գործունեությունը և Հայաստանի ընթացքը այս համակարգում, այսօրվա մարտահրավերների պարագայում», - ասաց Մարուքյանը:

Հայաստանի չորրորդ նախագահին խորհրդարանը ընտրելու է մարտի 2-ին: Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ ցանկություն հայտնելով մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, սփյուռքահայության ներկայացուցիչների հետ: