Կառավարությունը որոշեց 50 մլն դրամ նվիրաբերել կառավարության աշխատակազմին


Կառավարությունը որոշեց 50 մլն դրամ նվիրաբերել կառավարության աշխատակազմին
Փետրվար 8 13:34 2018

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել կառավարության աշխատակազմին:

Առաջարկվում է 2018թ. երեք ամսվա համար «Թվային Հայաստան» hիմնադրամի ծախսերի ֆինանսավորման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացնել 50 մլն. դրամ՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա հիմնադրամին տրամադրելու նպատակով:

Ըստ նախագծի` «Թվային Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է ՀՀ թվային փոխակերպման արդյունավետ իրականացման համար նախնական աշխատանքները:

Մասնավորապես, հաշվի առնելով հանրային քննարկումները և պետական մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները և դիտարկումները` Հիմնադրամը պետք է ավարտին հասցնի «Հայաստանի Թվային Օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները և սահմանված կարգով ներկայացնի հաստատման:

Հիմնադրամը պետք է կազմի Թվային Օրակարգից բխող 2018թ. համար առաջնահերթ համարվող, հստակ ուղղություններով գործողությունների ծրագիրը և աշխատանքների պլանը, մասնավորապես, պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբեռանվտանգություն, թվային հմտությունների զարգացում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում:

Հիմնադրամն իրականացնում է իր ընթացիկ գործունեությունը, որն ուղղված է պետական կառավարման մարմինների միջև փոխգործելիության և թվային փոխակերպման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մի շարք այլ առանցքային ծրագրեր (օրինակ՝ էլեկտրոնային կառավարման և բջջային նույնականացման (Mobile ID) միասնական e-gov պորտալի ներդրում, «Թվային Սփյուռք» ծրագրի նախագծում, մշակում և ներդրում և այլն):

«Թվային Հայաստան» հիմնադրամի բյուջեն հավանության է արժանացել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: