Իրականում սա, կարծում եմ` պրոբլեմ ա


Իրականում սա, կարծում եմ` պրոբլեմ ա
Փետրվար 8 11:28 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հերթական հանձնարարականներով: Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր գյուղատնտեսական նշանակության հողատարածքների չմշակման խնդրին:

«Մասնավորապես միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք: Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները, օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ իրավունքի դադարեցման հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- ասաց Կարապետյանը:

Հաշվի առնելով վերոգրյալը` վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին, ինչպես նաեւ մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ Կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողերի խթանմանն ուղղված առաջարկություններ, անդրադառնալ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին: «Իրականում սա, կարծում եմ` պրոբլեմ ա, որովհետեւ մենք բազմաթիվ ջանքեր ենք գործադրում, որ ոռոգելի հողերի քանակն ավելացնենք, բայց ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,- ասաց վարչապետը: