Ֆրանսիայում ձյան առատ տեղումները երթևեկության խափանման պատճառ են դարձել


Ֆրանսիայում ձյան առատ տեղումները երթևեկության խափանման պատճառ են դարձել
Փետրվար 7 22:53 2018

Ֆրանսիայում տրանսպորտային միջոցների երթևեկությունն առատ ձյան հետևանքով չորեքշաբթի առավոտյան խափանվել է, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով AFP-ին:

Հյուսիսային և կենտրոնական շրջաններում, ըստ Meteo-France օդերեւութաբանական ծառայության, մեկ օրում 15 սմ ձյուն է նստել: Այժմ վտանգի նարնջագույն մակարդակը պահպանվում է երկրի 25 շրջանում: Նման եղանակ Ֆրանսիայում չէր գրանցվել 2010 թվականի դեկտեմբեր ամսից:

Ինչպես հայտնել է France Info ռադիոկայանը, հատկապեց բարդ իրավիճակ է տիրում Փարիզի Իլ դե Ֆրանս թաղամասում: Գիշերը Փարիզից հարավ և հարավ-արևելք տանող ճանապարհների վրա ձյան պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ են արգելափակվել: Վարորդներ մի մասը ստիպված է եղել ավտոմեքենաների մեջ գիշերել, մյուսներին ապաստան է տրամադրվել մոտակա դպրոցների սպորտային դահլիճներում: Շատ վարորդներ դժգոհում են, որ այս իրավիճակում որևէ օգնություն չեն ստացել:

Փարիզում, ըստ տրանսպորտի նախարարության, ավտոբուսների երթեւեկությունը ամբողջությամբ կանգնեցվել է, մեկը մյուսի հետևից փակվում են քաղաքը ծայրամասերին կապող տրամվայի գծերը, խափանվել է մետրոյի գծերից մեկի երթևեկությունը: Ներքին գործերի նախարարության խոսքով՝ Մոնպարնաս և Աուստերլից կայարաններում ստիպված է եղել գիշերել մոտ 700 մարդ: Փարիզում ընդհանուր առմամբ շտապ կարգով ապաստան է տրամադրել ավելի քան հազար մարդու համար: