Կարեն Կարապետյանը բյուջեի հաշվի՞ն է Դավոս մեկնել․ «Ժողովուրդ»


Կարեն Կարապետյանը բյուջեի հաշվի՞ն է Դավոս մեկնել․ «Ժողովուրդ»
Փետրվար 7 08:31 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Հիշո՞ւմ եք, երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց լուսանկարներ ինքնաթիռից, կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե նա մեկնել է մասնավոր օդանավով, որի համար պետական բյուջեից որեւէ գումար չի տրամադրվել:

Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ այցից առաջ` հունվարի 11-ին, վարչապետը պաշտոնական պատվիրակություն գործուղելու մասին որոշում է կայացրել, որտեղ եւ հանձնարարված է բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով: «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,- նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ:

Երեկ վարչապետի խոսնակը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում էր՝ չվերթը բյուջեի վրա նստել է զրո դրամ: Բայց փաստն այն է, որ իր որոշման մեջ վարչապետը հանձնարարել է բյուջեից գումար տրամադրել, ու նշված չէ, թե ինչքան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում