ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անդրադարձել են Չինարիի ուղղությամբ դիվերսիային


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անդրադարձել են Չինարիի ուղղությամբ դիվերսիային
Հունվար 10 11:02 2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ հայտարարությամբ են հանդես եկել:

«Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան: Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։ Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին:

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն պահպանել 2016 թվականին բարձր մակարդակով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին ՝ ներառյալ կարճ ժամանակում միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծմանը:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար։

Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:

 



loading...