Աբրահամյանը հրաժարվել էր կառավարության նիստերը դռնփակ անցկացնել, Կարապետյանը՝ համաձայնել


Աբրահամյանը հրաժարվել էր կառավարության նիստերը դռնփակ անցկացնել, Կարապետյանը՝ համաձայնել
Փետրվար 6 16:01 2018

Նախարարները կաշկանդվում են ազատ բանավիճել կառավարության նախագծերի շուրջ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով գործադիր մարմնի նիստերը դռնփակ անցկացնելու մասին ընդունված որոշումը:
«Ում էլ հարցնեք՝ կաշկանդվա՞ծ է, թե՞ ոչ, կասի՝ ոչ, կաշկանդված չէ: Բայց հավատացե՛ք, որ մարդիկ կաշկանդվում են: Դուք էլ կկաշկանդվեք, եթե ձեր վրա տեսախցիկ ուղղվի: Ավելի կաշկանդված կլինեք, քան հիմա, երբ տեսախցիկն իմ վրա է ուղղված»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանն ասաց, թե ինքն ուսումնասիրել է այլ պետությունների պրակտիկան, պարզել, որ Միացյալ Թագավորությունն ունի «Նախարարների վարքագիծ», որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ, առանց լուսաբանման՝ նախարարների անկեղծ ու անկաշկանդ քննարկումը կազմակերպելու համար:

«Եթե մենք սպասում ենք որակ, սպասում ենք, որ յուրաքանչյուր նախարար պատասխանատու լինի ոչ միայն իր ոլորտի, այլև ամբողջ Կառավարության գործունեության համար, պետք է իր ասելիքն ունենա իր գործընկեր նախարարի ոլորտում: Սպորտի նախարարը, օրինակ` պետք է իր կարծիքն արտահայտի արդարադատության ոլորտում: Իսկ այսօր պատկերն այլ է: Նախարարների միջև լինում են բախումներ, բայց այս տարիների ընթացքում դուք չեք տեսնի նման երևույթ»,- շեշտեց Դ. Հարությունյանը:
Ըստ նախարարի՝ նախկինում, երբ Կառավարության նիստերը դռնփակ էին, դրանք ընթանում էին 4-6 ժամ, իսկ հիմա՝ առավելագույնը 1 ժամ:

Պատճառը, արդարադատության նախարարի խոսքով, այն է, որ լրատվամիջոցները, որոնք դեռ կայացման փուլում են, ավելի շատ ուշադրություն են դարձնում կեղծ սենսացիաների, հայացքների, քան բովանդակության վրա, ինչը չի կարող չանդրադառնալ նախարարների աշխատանքի վրա:

«Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջև: Ես չեմ հիշում որևէ որոշում, որտեղ որևէ նախարար քվեարկած լինի դեմ, իսկ փակ նիստերում մենք ունեցել ենք դեմ, կողմ արտահայտվող նախարարներ և այլն: Նման երևույթ այսօր չկա»,- հավելեց նա:

Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու առաջարկ է արել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց վերջինս հրաժարվել է, առաջարկել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին, ով մտածելուց հետո տվել է իր համաձայնությունը:

«Հովիկ Աբրահամյանը մտահոգ էր, որ հասարակությունը չի ընկալի սա, լրատվամիջոցները չեն ընկալի: Երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, ասաց, որ ժամանակ է պետք իր կարծիքը հայտնելու: Մեր բանավեճերը դարձել են ոչ բանավեճ, իսկ դա վատ է, որովհետև բանավեճն է ծնում ճշմարտությունը»,- նշեց նա: