ԱԺ-ում ընդդիմությունը արտահերթ նիստ կհրավիրի


ԱԺ-ում ընդդիմությունը արտահերթ նիստ կհրավիրի
Փետրվար 6 11:05 2018

ԱԺ «Ելք» խմբակցությունը խորհրդարանում նախաձեռնում է ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու նպատակով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ Այդ մասին այսօր  նիստում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք առաջարկում ենք փետրվարի 16-ին հրավիրել արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար։ Ինչպես տեղյակ եք, արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է ԱԺ 27 պատգամավորների ստորագրություն։ «Ելք» խմբակցությունը բնականաբար, ստորագրելու է», - հայտարարեց Փաշինյանը։

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ևս միանում է «Ելք»-ի նախաձեռնությանը։ Դա նշանակում է, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունը կհավաքվի և նիստ կկայանա։