ՀՀԿ-ն անպատժելիության մթնոլորտ է տարածում. Գեղամյանին «փրկեցին»


ՀՀԿ-ն անպատժելիության մթնոլորտ է տարածում. Գեղամյանին «փրկեցին»
Փետրվար 6 10:33 2018

ՀՀ Այսօր Ազգային ժողովն այսօրվա նիստի սկզբում ձայների մեծամասնությամբ՝ կողմ 7, դեմ 52, ձեռնպահ 6, մերժեց պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը քննելու մասին ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցը։

Մինչ քվեարկությունը, նախագծի հիմնական զեկուցող ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը կոչ արեց խորհրդարանին ընդգրկել նախագիծը ԱԺ լիագումար նիստի օրակարգ և քննարկել այն ու բացատրեց՝ ինչու: «Մենք ոչինչ չենք անձնավորում, տեղի է ունեցել պատգամավորի ինստիտուտի նկատմամբ ոտնձգություն»,- ասաց Զեյնալյանը:

Իր հերթին ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, նախագծի հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ անձի անմեղության կանխավարկածի խախտում կա նախագծում և անընդունելի է խորհրդարանական մեծամասնության համար։

Քվեարկությունից հետո, երբ նախագծի ընդունումը մերժվեց, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Կարող ենք արձանագրել, որ պատգամավորը կարող է հարձակվել մեկ այլ պատգամավորի վրա, ընդ որում՝ ոչ թե անձնական, այլ քաղաքական հողի վրա։ Արձանագրում ենք, որ Հանրապետականները անպատժելիության մթնոլորտ են տարածում նաև այս շենքում»։
Նշենք, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել։
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղմայանի միջեւ: Փաշինյանը հայտարարել էր, որ Գեղամյանը բռունցքներով հարձակվել էր իր վրա, վերջինս հերքել էր: