Արդյոք Արմեն Սարգսյանի մասոն է՞․ Եվ՛ արդյոք մասոն լինելը լա՞վ է․ «Իրատես»


Արդյոք Արմեն Սարգսյանի մասոն է՞․ Եվ՛ արդյոք մասոն լինելը լա՞վ է․ «Իրատես»
Փետրվար 6 09:40 2018

«Իրատես» թերթը գրում է. «Մեզանում մասոնականության թեման եթե ոչ փակ, ապա մշտապես խիստ բացասական լույսի ներքո է դիտարկվել, երբ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանում, խնդրի առնչությամբ լուրջ գրականություն կա, եւ որեւէ մեկը չի խուսափում խոստովանելուց, որ մասոնական «էթիկան» ու դպրոցը Ռուսաստան բերվեցին Պետրոս Առաջինի օրոք (չմոռանանք` նա մեծագույն ռեֆորմատոր էր, որը Ռուսաստանում փոխեց ոչ միայն մենթալ պլանը, այլեւ Ռուսիան դարձրեց հույժ եվրոպական երկիր՝ Պետերբուրգ հյուսիսային մայրաքաղաքով, որն ամբողջովին կառուցված է մասոնական մետաֆիզիկայի համաձայն եւ առայսօր համարվում է համաշխարհային գեղեցկուհի-եվրոպական կենտրոն):

Ռուսաստանում «հաճույքով» շեշտում են, որ Պուշկինը, Գրիբոյեդովը, Չաադաեւը, Կարամզինը (հատկապես Կարամզինը), որոշ ցարեր, բայց հատկապես Նապոլեոնին հաղթած գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովը (ամենաբարձրագույն` յոթերորդ աստիճանի շվեդական սիստեմում` «Կանաչող դափնի» ծածկանվամբ), թարմ օրինակն էլ Բիլդենբերգյան ակումբի ներկայացուցիչ Անատոլի Չուբայսը, մասոններ են եղել. նշում են եւ առանձնապես շատ մեծ «ցնցում» չեն ապրում:

Այսօր մի կողմ թողնենք «Ազատ որմնադիրներ» մատրիցայով «Եղբայրություն, հավասարություն, ազատություն» ուսմունքի իրական գնահատանքը, որը, ի դեպ, անչափ բարդ է, քանզի իր մեջ ունի այնպիսի հիբրիդ, որ պետք է կարողանալ «կոտլետների ու ճանճերի» դասերը միմյանց չխառնել, դառնանք հարցին, թե ինչու՞ մեկ էլ ու հարկ եղավ անդրադառնալ այս բարդ, «անքննելի» թեմային:

Բանն այն է, որ օրերս ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ խորքերից եկող, դիսիդենտ, իր հայացքների համար ազատազրկված, ՀՀԿ-ում գրեթե «սպիտակ ագռավի» կարգավիճակ ունեցող Վազգեն Կարախանյանն ասաց (նա է մշտապես բարձրաձայնում այն, ինչը մնացածները գուցե եւ մտածում, բայց երբեք չեն համարձակվում ձայն հանել), որ «կասկածներ» ունի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի` «մասոնների» հետ կապի առնչությամբ:

Այսպես ասած, ջինը շշից հանվել է. թեման նետվել է քաղաքական քննարկման դաշտ. կարելի՞ է «դավադրության տեսության» հանգույն ասել, որ` ոչ հենց այնպես: Կարելի՞ է կարծել, որ թեման նետվել է, որ հայոց մենթալ պլանը եւս համաքայլ լինի իրական-գլոբալ աշխարհի իրողություններին. մանավանդ որ մասոնական ուղղությունն անչափ պրագմատիկ «ուսմունք-դպրոց» է, որը երբեք իլյուզիաներով չի առաջնորդվում, որը շատ լավ գիտի մարդկային, ընկերային, հասարակարգային բնույթները, ընդ որում՝ իրեն էլ համարում է ոչ թե կրոնական (չնայած շատ բան վերցրել է Աստվածաշնչից` հայելային կերպով շրջել վերցրածի էներգետիկան), այլ հասարակական կազմակերպություն, եւ իզուր չէ, որ Արմեն Սարգսյանը ցանկացել է հանդիպել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ:

Կարելի՞ է կարծել` փորձ է արվում Արմեն Սարգսյանի «գլոբալ» էներգետիկան մի քիչ իջեցնել (հայերեն ասած` մի քիչ վարկաբեկել նրան), որովհետեւ նույն «կապերը»` Վազգեն Կարախանյանի ասած` «մասոնական օբշչեստվայի» հետ, որը համարվում է գլոբալ աշխարհի էլիտան, շատ դեպքերում (ասենք՝ արքայազն Չառլզի ու Ելիզավետա թագուհու) լուրջ հայտ կարող են դառնալ Արմեն Սարգսյանի համար, որպես խաղացող, եւ ինչ-որ պահի գեոքաղաքական, ներքաղաքական նժարն ամբողջությամբ կթեքվի դեպ նրա կողմը, ինչը մեզանում «թույլ տալ» չեն կարող:

Կարելի է նաեւ այդ ամենը պարզապես ՀՀԿ-ական անփութություն համարել, ուր «ձախ» ձեռքը շատ հաճախ չգիտի՝ ինչ է անում «աջը», եւ բարեհոգի ժպիտով նայել այդ ամենին, քանզի հայոց մեջ նույնպես մասոնականության պակաս չի եղել:

Հարցրեք Արմեն Սարգսյանի հետ հանդիպած, Առաջին Հանրապետությունը «սարքած ու քանդած» դաշնակցականներին, զի դաշնակցական խորհրդարանական Առաջին Հանրապետության նախարարների, վարչապետների մեջ «մասոնական դան» ունեցողների պակաս ամենեւին չի եղել: Քաջազնունին` հա:

Բայց ամենաբարձր «դանը»` երեսուներեքերորդ օթյակ, ունեցել է Սիմոն Վրացյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում