Հոլանդիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին


Հոլանդիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին
Փետրվար 6 07:31 2018

Հոլանդիայի արտգործնախարարությունը Անկարա վերադառնալու թույլտվությունից զրկված իր դեսպանին պաշտոնապես հետ է կանչել:

Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Նիդերլանդները հրաժարվել է նաև նոր դեսպան նշանակելու Թուրքիայի առաջարկից:

Նիդերլանդների արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Թուրքիայի և Հոլանդիայի միջև ընթացել են բանակցություններ տարբեր մակարդակներով, որոնք, սակայն, ներկա փուլում երկկողմ հարաբերությունների կարգավորման որևէ հեռանկար չեն ապահովում: Այդ իսկ պատճառով Նիդերլանդների նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հետ կանչել Թուրքիայում Նիդերլանդների դեսպանին, որի մուտքը Թուրքիա արգելանքի տակ էր՝ սկսյալ 2017 թվականի մարտից: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք Թուրքիայում դեսպան չունենք, Հոլանդիան թույլ չի տա Թուրքիային իր տարածքում նոր դեսպան նշանակել: Այս տեղեկատվությունը քիչ առաջ փոխանցվել է Հաագայում Թուրքիայի գործերի հավատարմատարին: Սրանով դադար է տրվում Թուրքիայի հետ տարվող բանակցություններին»:

Հիշեցնենք, որ 2017-ի մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Նախարարների այցի նպատակն էր ապրիլին Թուրքիայում անցկացվաշ սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:

Թուրք պաշտոնյաներին մուտքի թույլտվություն չտրամադրելու պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ Հոլանդիայի իշխանությունները չէին ցանկանում թույլ տալ թուրք նախարարներին իրենց երկրում նախընտրական քարոզչություն իրականացնել:

«Մենք չենք կարող թուրք նախարարներին թույլ տալ նախընտրական արշավ վարել Հոլանդիայում, հոլանդացիների շրջանում: Նույնիսկ եթե նրանց զրուցակիցներն ունեն թուրքական անձնագրեր, նրանք միևնույն է նախևառաջ հոլանդացիներ են», - պարզաբանել էր Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն:

Աղբյուր` Ermenihaber.am