Հռոմում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել


Հռոմում Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել
Փետրվար 5 19:45 2018

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հայտնի Սուրբ Հրեշտակի ամրոցի տարածքում, որը գտնվում է Վատիկանից 500 մետր հեռավորության վրա, բողոքի ցույց է կազմակերպվել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ով այդ ժամերին հանդիպման էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:

Ինչպես հաղորդում է իտալո-արաբական «Ասսադակահ» կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, բողոքի ցույցին մասնակցում են ինչպես քրդեր, այնպես էլ իտալացիներ երկրի աջակողմյա և ձախակողմյա կուսակցություններից:

Հավաքվածներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների, մասնավորապես քրդերին կոտորելու Էրդողանի քայլերի դեմ: Մասնակիցներից ոմանք ձեռքում քրդական դրոշներ են պահել:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Էրդողանի այցի առնչությամբ անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված: Էրդողանի հյուրանոցից դեպի Վատիկան տանող ճանապարհահատվածում ժամանակավորապես արգելվել է բողոքի ցույցերի անցկացումը:

Հայտնի է, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում անվտանգության ապահովմանն է կցված ավելի քան 3500 ոստիկան:



loading...