Էրդողանի այցից առաջ Հռոմում արգելվել են բողոքի ցույցերն ու հանրահավաքները


Էրդողանի այցից առաջ Հռոմում արգելվել են բողոքի ցույցերն ու հանրահավաքները
Փետրվար 5 15:46 2018

Հռոմում 24 ժամով արգելվել է բողոքի ցույցերի և հանրահավաքների կազմակերպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան կայանալիք այցի կապակցությամբ:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին որոշում են կայացրել իտալացի պաշտոնյաները: Էրդողանի այցը Վատիկան կայանալու է փետրվարի 5-ին և լինելու է մեկօրյա:

Այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կհանդիպի Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի հետ: Առանձին հանդիպումներ կլինեն նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի և վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ:

Էրդողանը վերոնշյալ հանդիպումների ընթացքում քննարկելու է Թուրքիա-Վատիկան, Թուրքիա-Իտալիա և Թուրքիա-Եվրամիություն (ԵՄ) հարաբերությունները, Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայի հարցը, ինչպես նաև տարածաշրջանային այլ խնդիրներ: Տնտեսական մի շարք հարցեր ևս քննարկվելու են:

Թուրքական «Haber.sol» լրատվամիջոցն էլ տեղեկացնում է, որ Էրդողանին Վատիկան այցի ժամանակ կուղեկցի անվտանգության 3.500 աշխատակից:

Սա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է, որն արդեն մամուլում «պատմական» է որակվել:

Աղբյուր` Ermenihaber.am