Ծառուկյան - Սադոյան միջանձնային «կռիվը»՝ քաղաքացու հաշվին


Ծառուկյան - Սադոյան միջանձնային «կռիվը»՝ քաղաքացու հաշվին
Փետրվար 4 15:48 2018

Երկու օր առաջ մամուլում հրապարակվեց տեղեկատվություն այն մասին, որ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան: Դատական հայցերից մեկը դատարան է ուղարկվել դեկտեմբերին, մյուսը՝ հունվարին: Մասնավորապես ըստ «Հայկական ժամանակ» թերթի՝ 2017-ի դեկտեմբերի 12-ին հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, որով խնդրել է պատասխանողից հօգուտ Երեւանի աղբահանության համար չվճարված գումարը՝ 12 մլն 344 հազար 305 դրամը: Նշված գումարից 10 մլն 563 հազար դրամը որպես տույժ, ինչպես նաեւ 246.886 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան պետական տուրքի վճարումը հետաձգել մինչեւ անհրաժեշտ գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելը:

2018-ի հունվարի 18-ին կրկին աղբահանության վճարը բռնագանձելու պահանջով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դիմելէ դատարան եւ միանգամից միջնորդել, որ կալանք դրվի «Մուլտի գրուպ կոնցեռնի» հաշիվների վրա»:

Սույն տեղեկատվությունը հերքվեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի կողմից:

Այժմ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ երկու օրվա ընթացքում՝ երկու ինֆորմացիաների, այսպես ասած արանքում: Նախ նշենք, որ տեղի ունեցող զարգացումները պարզապես միջանձնային հարաբերությունների արդյունք են, որտեղ հասարակությունն ու իր խնդիրները որեւէ տեղ չունեն: Եվ այսպես Կենտրոնի թաղապետը դիմել է դատարան․ Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ը աղբահանության վարձ չի մուծում, հրապարակումից հետո մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Արա Սադոյանը պաշտոնանկ է արվելու եւ նոր թաղապետ է նշանակվելու վերջինիս տեղակալը: Խոսքը՝ Կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդու՝ Հրանտ Բեգլարյանի մասին է, ով սակայն գոնե այս պահին օրենքով չի կարող թաղապետ նշանակվել: Հրանտ Բեգլարյանն ընդամենը 24 տարեկան է:

Նույն օրը Գագիկ Ծառուկյանին պատկանող հեռուստըանկերությունը ռեպարտաժ պատրաստեց այն մասին, որ Կենտրոն թաղամասի բնակիչները դժգոհում են աղբահանությունից: Ռեպորտաժում ցուցադրված կադրերն իրոք փաստում են այն մասին, որ աղբահանությունը մեղմ ասած լավ չի իրականացվում:
Այն, որ աղբահանության, վարչական շրջաններում առկա մյուս բոլոր խնդիրները պետք է մշտապես լինեն վարչական շրջանների ղեկավարների ուշադրության կենտրոնում անառարկելի է: Որեւէ մեկը չի վիճարկում հանգամանքը, որ իր պարտականություններում թերացող ղեկավարը առնվազն պետք է պաշտոնանկ արվի:

Սակայն, ակնհայտ է նաեւ այն հանգամանքը, որ աղբահանության խնդիրը դժվար թե ծագեր մեկ օր առաջ, այն հարատեւ խնդիր էր, որին հեռուստաընկերությունը չէր անդրադառնում, եւ «ահազանգ» ստացավ միայն այն ժամանակ, երբ մամուլում դատական գործընթացի վերաբերյալ հրապարակում եղավ: Armday.am-ի ունեցած տեղեկություններով վերը նշված հրապարակումը մամուլում հայտնվել է այն ժամանակ, երբ Սադոյանը արձակուրդում է եղել: Ո՞ւմ էր ձեռնտու այն, եւ ովքեր կշահեն այս համատեքստում ցույց կտա ժամանակը:

Հերթական անգամ ականատես ենք լինում միջանձնային հարաբերությունների պարզման: Սադոյան- Ծառուկյան «կռիվը» որեւէ կապ չունի հասարակության, նրան հուզող խնդիրների հետ, հատկապես, որ ինչ ելքով էլ այն ավարտվի, դժվար թե աղբահանության խնդիրը լուծում ստանա: 

Հայաստանի քաղաքացին քաջ ծանոթ է  տարբեր տրամաչափի պաշտոնյանների միջանձնային հարաբերությունների պարզմանն այս պարզունակ եղանակին, որտեղ քաղաքացին ու իր շահը իրականում մաղված են վերջին պլան:

Armday.am