Առաջին իսկական մարտական մկրտությունս ստացա Կիչանում.Ղուկաս Ուլիխանյան


Առաջին իսկական մարտական մկրտությունս ստացա Կիչանում.Ղուկաս Ուլիխանյան
Փետրվար 13 14:36 2017

ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է 

Առաջին իսկական մարտական մկրտությունս ստացա Կիչանում, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում: 1991 թ. դեկտեմբերի 29–ին մեր` «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատը թվով 19 հոգի, առավոտյան Երևանի «Էրեբունի» օդանավակայանից ուղղաթիռով մեկնեց ԼՂՀ–ի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ, որտեղից էլ «ԿԱՄԱԶ» բեռնատար ավտոմեքենայով՝ Կիչան: Գյուղը դատարկվել էր, բնակիչները լքել էին իրենց տները, ընդամենը հինգ մարդ էր մնացել: Գյուղ մտանք գիշերով և մարտի մեջ մտնելով հակառակորդի հետ, դուրս շպրտեցինք հրոսակների գյուղի մատույցներից: Կիչանը ռազմավարական առումով շատ կարևոր նշանակություն ուներ, այն Մարտակերտը Ստեփանակերտին կապող հանգույցն էր: Կիչանի հարևանությամբ կար թուրքական մի գյուղ՝ Սրխավենդը, որը մեծ վտանգ էր ներկայացնում: Դիրքերը երբեմն մոտենում էին 50–ից մինչև 100 մետր: Մենք մեր դիրքերում շուրջօրյա հերթապահություն էինք սահմանել: Հիշում եմ, առաջինն էի, որ պահակակետ գնացի ու մերոնք մի քանի օրը մոռացել էին ինձ փոխարինել` 48 ժամ մնացի պահակակետում, ցուրտը սողոսկում էր ոսկորներս, իսկ քաղցի մասին մոռացել էի: Այնքան մեծ էր պատասխանատվությունը, որ մտքովս անգամ չէր անցնում թողնել պոստը ու վերադառնալ տղաների մոտ, ինչ էլ որ պատահեր: Հետո իհարկե, հիշել էին և ինձ փոխարինող ուղարկել: Մենք լավ էինք հասկանում, թե Կիչանի կորուստը որքան աղետալի կարող է լինել, ուստի վճռեցինք կյանքի գնով պայքարել ու պաշտպանել գյուղը: Կիչանը հետագայում պլատֆորմ դարձավ Սրխավենդ գյուղը ազատագրելու համար:․
Կիչանում մեր ջոկատը ունեցավ պատերազմում իր առաջին վիրավորները, մարտի ժամանակ ծանր վիրավորվեցին Ալբերտ Բազեյանը և Հրանտ Թումասյանը:
Ի դեպ լուսանկարում թշնամին 100 մետր հեռավորության վրա է...