«Մայր գետից» պոկված «վտակների» ճակատագիրն անորոշ է


«Մայր գետից» պոկված «վտակների» ճակատագիրն անորոշ է
Փետրվար 2 17:31 2018

Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի։ Դեռ 2017-ի վերջին եւ արդեն ամանորից հետո երկրում սկիզբ են առել գործընթացներ, որոնք իշխանությունը ներկայացնում է որպես կիսանախագահական մոդելից անցցում անցում՝ խորհրդարանական մոդելի։ Իշխանության անցումը ըստ էության կատարվելու է երկու փոլով։ Մարտին Հայաստանը կընտրի նոր նախագահ, ավելի շուտ նախագահ կընտրեն օրենսդիրները։ Մինչ այդ եւ դրանից հետո կլինեն փոփոխություններ պետական ապարատում։

Բուն կառուցվածքային փոփոխությունները նախատեսված են ապրիլի 9-ից հետո, երբ կավարտեն գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները եւ Հայաստանը կդառնա վարչապետական երկիր։ Հենց այս հարցում է, որ քաղաքական կուլիսներում պահպանվում է գլխավոր ինտրիգը։ Ու՞մ տիրապետության տակ է անցնելու Հայաստանը, արդյո՞ք Սերժ Սարգսյանը ունի իրականում ծրագիր մնալու իշխանության ղեկին՝ վարչապետի հաստիքով։ Երեկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ վարչապետի անունը գաղտնի չի մնա, եւ հասարակությունը շուտով դրա մասին կտեղեկանա։ Անառարկելի է, որ այդ անունը գաղտնի չի պահվելու, սակայն խնդիրը նրանում է, թե ի վերջո սպասվում է արդյո՞ք անակնկալ, թե ոչ։

Մյուս կողմից հետաքրքիր է, թե ինչ դիրքորոշում կունենա ապագա վարչապետը «մայր գետից» պոկված «վտակների» նկատմամբ։ Եթե Սերժ Սարգսյանն է հավակնում վարչապետի պաշտոնին, ապա նրա մոտեցումը նախկին յուրայինների նկատմամբ միշտ տարբեր է եղել։ Այս փուլում՝ ՀՀԿ-ի «մայր գետից» անջատված առվակների ճակատագիրն անորոշ է։ Դեռ պարզ չէ՝ նրանցից ով ինչ հունով կընթանա, կմիանա՞ն մայր գետին, թե՞ կշարունակեն ինքնահոսի մատնված՝ անհույս «վարարել»։ Այդ շարքում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախկին նախարարներ Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Խաչատրյանը, նախկին պատգամավորներ Մհեր Սեդրակյանն ու Աշոտ Աղաբաբյանը։

Ի՞նչ ճակատագիր է սպասվում վերջիններիս «նոր Հայաստանում», դեռ պարզ չէ։ Կինտեգրվեն նրանք արդյո՞ք խորհրդարանական կառավարման համակարգում, թե ոչ, ցույց կտա ժամանակը։

Armday.am