Պիտի մուծվես. Եդոյանի առաջարկն ու քաղաքապետարանի պերճանքը


Պիտի մուծվես. Եդոյանի առաջարկն ու քաղաքապետարանի պերճանքը
Փետրվար 2 12:02 2018

Araratnews.am-ը իր հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Արման Եդոյանը կասկածվում է կաշառք պահանջելու մեջ։ Մասնավորապես, Araratnews.am-ին հայտնի էր դարձել, որ Երեւան քաղաքի բնակիչ Ա. Գրիգորյանը գլխավոր դատախազությունում բացատրություն է տվել այն մասին, որ Արման Եդոյանը իրենից կաշառք է պահանջել։

Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնել էին, որ քաղաքացին դեպքի հետ կապված իր տված բացատրությունում որոշ տվյալներ է ներկայացրել: ՀՀ դատախազությունից այն ուղարկվել էր ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգելու քրեական գործ հարուցելու հիմքերը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից Araratnews.am-ին հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով քրեական գործի հարուցումը մերժվել է (բացակայում է հանցագործության դեպքը:)

Սպասելի է, որ Տարոն Մարգարյանի յուրայինը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս անգամ եւս անպատիժ կմնա:

Մինչդեռ տեղի ունեցածի առնչությամբ մեզ որոշակի մանրամասներ է հայտնի դարձել: Մասնավորապես, Արման Եդոյանը, ով Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի մերձավոր շրջապատից է եւ նրա հետ քաղաքապետարան է գնացել Ավան համայնքից, մեկ անգամ չէ, որ այցելել է փոքր առեւտրով զբաղվող քաղաքացու մոտ եւ պահաջներ ներկայացրել: Մասնավորապես, Եդոյանը քաղաքացուն ակնարկել է, որ պետք է մուծվի, վերեւների հետ լավ լինի, հակառակ պարագայում կզրկվի ապրուստի հիմնական միջոցից, ինչն էլ, ըստ էության, կատարվել է: Ավելին, մեր ունեցած հավաստի տեղեկություններով տվյալ քաղաքացուն անգամ Արման Եդոյանը հարվածել է: Այս ամենի մասին առավել հանգամանալից եւ թե ովքեր են ներքաշված սույն պատմությունում կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում:

Հիշեցնենք, որ Արման Եդոյանի անունը կապված է մի շարք աղմկահարույց դեպքերի հետ: Նա նաեւ վրաերթի էր ենթարկել Երեւանի բնակչի: Դեպքը տեղի էր ունեցել 2015-ին: Սեպտեմբերի 13-ին` ժամը 22:20-ի սահմաններում, Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետ 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել նույն փողոցի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանին, որը մոտ 28 մետր շպրտվել էր և տեղում մահացել:

Արման Եդոյանը, սակայն, մնաց անպատիժ:

Երկու տարի առաջ էլ մամուլում հրապարակումներ եղան, որ Եդոյանը Հանրապետության հրապարակում ծեծի էր ենթարկել փուչիկ վաճառող 25-ամյա Արսեն Սաքանյանին: Ընդ որում, Արման Եդոյանի հարվածներից հետո Արսենը ուշաթափվել էր, նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առնչությամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր էին նախապատրաստվում, սակայն այդպես էլ քրգործ չհարուցվեց, և Եդոյանը պատասխան չտվեց: Քրեական գործի հարուցումը մերժվեց հանցակազմի բացակայության պատճառով:

Երեւանի քաղաքապետարանն էլ Մարգարյան Տարոնի գլխավորությամբ Եդոյանի քայլն արդարացրել էր նրանով, թե այդօրինակ վաճառողները Երեւանը վերածում են արեւելյան շուկայի: Իրավապահներին դժգոհող քաղաքացին գուցե այս դեպքում լավ է պրծել: Չէ՞ որ նրա դեպքում էլ Երեւանի քաղաքապետարանից կարող էին ասել, որ «սպառնացել» է առեւտուր կատարելով հետագայում զբաղեցնել քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի պետի պաշտոնը:

Անառարկելի է, որ ինչ-որ կերպ օրվա հացը վաստակել փորձող քաղաքացիները չեն սազում այն գերժամանակակից ու շքեղ պատկերին, որ Երեւանում ապահովում են Տարոն Մարգարյանն ու իր չինովնիկները իրենց միլիոններով: Հայաստանի աղքատ քաղաքացին խանգարում է Մարգարյանի ու իր շրջապատի «Ավելի լավ Երեւանի» կերտմանը:

Նյութի աղբյուրը՝ Araratnews.am



loading...