Արմեն Սարգսյանը դեռ չընտրված փոխեց իրավիճակը․ «Ժամանակ»


Արմեն Սարգսյանը դեռ չընտրված փոխեց իրավիճակը․ «Ժամանակ»
Փետրվար 2 08:05 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը արդեն հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ համաձայն չէ տեսակետին, թե խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում նախագահական ինստիտուտը վերածվում է ըստ էության ձեւական, արարողակարգային կառույցի:

Սարգսյանի այս հայտարարությունն ունի առերեւույթ ֆորմալ եւ ոչ ֆորմալ կողմեր: Առերեւույթ Սարգսյանը մատնացույց է անում Սահմանադրությամբ այդ պաշտոնին վերապահված իրավասությունները, որոնք իրապես ամենեւին էլ քիչ չեն եւ շոշափում են նույնիսկ զինված ուժերի բարձրագույն սպայակազմի նշանակման տիրույթը: Սակայն ավելի հետաքրքիր է ոչ ֆորմալ կողմը՝ հատկապես նկատի առնելով այն, որ Հայաստանում կառավարումը ավելի ոչ ֆորմալ երեւույթ եւ գործընթաց է, ինչն էապես պայմանավորված է իշխանության ձեւավորման մեխանիզմով, որտեղ նախկինում հիմնական դերը կատարում էր ուժը, այժմ՝ փողը, ինչից էլ Հայաստանում ձեւավորվում է կապիտալի իշխանություն:

Ըստ այդմ, իշխանական կշիռը Հայաստանում որոշվում է կապիտալի կշռով, իշխանության սահմաններն ու գծերը որոշվում են կապիտալի սահմաններով ու գծերով: Իսկ Արմեն Սարգսյանն այդ տեսանկյունից ունի բավականին մեծ «լծակներ», եւ ավելին՝ նա հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Հայաստան ներդրումներ ներգրավելու, ասել է թե՝ իր լծակներն ընդլայնելու համար:

Խնդիրն այստեղ այն չէ, որ այդպիսով Սարգսյանը կփորձի ավելացնել իր հանրային կշիռը եւ ըստ այդմ՝ դարձնել այն իր պաշտպանական ամրություններից մեկը: Դա իհարկե ունի իր դերը, սակայն ներդրումների ներգրավումը Արմեն Սարգսյանի համար ունի անշուշտ այլ նպատակ՝ որքան շատ լինեն նրա ներգրաված ներդրումները, այնքան շատ կարող է լինել նրա կշիռն ու ազդեցությունը Հայաստանի համակարգային խաղում:

Այստեղ է ձեւավորվում Սարգսյանի նախագահական իշխանությունը. ամեն ինչ առավել քան պարզ է: Նաեւ դրանով է, որ Արմեն Սարգսյանն առանցքային կերպով տարբերվում է հնարավոր բոլոր մյուս թեկնածուներից, որոնց կարող էր առաջադրել Սերժ Սարգսյանը: Նրանց դեպքում նախագահական պաշտոնն իսկապես կվերածվեր արարողակարգի, ու ոչ այն պատճառով, որ ֆորմալ այդպես է, այլ որովհետեւ խոշոր հաշվով ցանկացած պաշտոն կախված է նաեւ այն զբաղեցնողից:

Միեւնույն ժամանակ հենց այս առումով է առաջադրումը դառնում հետաքրքիր, այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը փաստորեն չցանկացավ, որ նախագահի պաշտոնը վերածվի արարողակարգայինի: Ինչո՞ւ: Զուտ Արմեն Սարգսյանին, այսպես ասած, ներդրումներ ներգրավելու հարցում մոտիվացնելու եւ դրանով նաեւ սոցիալ-տնտեսական լարվածության մեղմացման, նաեւ համակարգի արտաքին լեգիտիմության լրացուցիչ կամ հավելյալ միջոց ապահովելո՞ւ համար, թե՞ առավել խորքային ու ընդգրկուն քաղաքական սխեմաների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում