ԲՀԿ-ն այդպես էլ չվերադարձավ քաղաքականություն


ԲՀԿ-ն այդպես էլ չվերադարձավ քաղաքականություն
Փետրվար 1 18:18 2018

Հայաստանյան ներքաղաքական դաշտում լուրջ վերադասավորումներ են։ Ներքին խմորումներ եւ կառուցվածքային ձեւափոխումներ։ Նախագահի նոր թեկնածու, որի ընտրությունը կայանալու է մեկ ամիս հետո, վարչապետի շուրջ ինտիրգներ։ Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական խաղացողների առաքելությունը թերեւս պետք է լիներ քաղաքական օրակարգից անմասն չմնալը, իկրադարձությունների կենտրոնում լինելը։ Սա սակայն չի վերաբերում ԲՀԿ-ին, ավելի ճիշտ վերաձեւափոխված «Ծառուկյան» դաշինք խմբակցությանը։ Ցանկացած հարցի վերաբերյալ իր մեծությամբ երկրորդ քաղաքական ուժն ասելիք պարզապես չունի։

Գագիկ Ծառուկյանն ու առհասարակ նրա ղեկավարած «Ծառուկյան» դաշինքը փաստորեն 2015 թվականի հայտնի իրադարձություններից հետո այդպես էլ քաղաքական դաշտ չվերադարձավ։ Խոսքը ոչ թե դե յուրե ներկայացվածության մասին է, այլ դե ֆակտո։

«Ծառուկյան» դաշինքը, որը խորհրդարանում հանդես է գալիս իբրեւ թե ընդդիմություն, այդպես էլ չսատարեց մեկ այլ ընդդիմադիր խմբակցության «Ելք»-ի՝ Արտակ Զեյնալյանին նախագահի թեկնածու առաջադրելու որոշումը։ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները օրեր շարունակ խուսափում էին ուղիղ իմաստով պատասխանել այն հարցին, թե ի վերջո սատարելու են արդյո՞ք Զեյնալյանի թեկնածությունը։ Հետո հարցը փակեց նրանց առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ասելով, որ ոչ միայն չեն աջակցի, այլ նաեւ նախագահի իրենց թեկնածուն չեն ունենա։ Միակ հարցը, որի պատասխանը գոնե արտաքուստ չկա, այն է, թե՞ կսատարեն այդ դեպքում «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։ Չի բացառվում, որ այս անգամ էլ խմբակցությունը որոշում կայացնի, համաձայն, որի պատգամավորներն ազատ կլինեն իրենց քվեարկության հարցում։

ԲՀԿ-ի՝ «ազատ» քվեարկությունն էլ բոլորին է հայտնի, թե կուսկացության օգտին է ավարտվում։
Ինչ վերաբերվում է վարչապետի թեկնածուի վերաբերյալ տեսակետ հայտնելուն, ապա այս կուսակցությունը ու նրա ներկայացուցիչները խորհրդարանում դարձյալ ասելիք չունեն։ Երկրի երկրորդ քաղաքական ուժը լուռ է։ Նրանց քաղաքականությունից տարիներ առաջ հեռացրել էին, վերադարձն այդպես էլ չեղավ։

Armday.am