Մի նկարի պատմություն


Մի նկարի պատմություն
Փետրվար 13 10:29 2017

Ղուկաս Ուլիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է 

1988թ․առաջին անգամ տեսնելով օպերայի հրապարակում հավաքված մարդկային բազմությունը՝ հետաքրքրությունս շարժվեց․ «Տեսնես ինչո՞ւ են հավաքվել, ի՞նչ է պատահել»,-մտածեցի ես ու շարժվեցի դեպի բազմությունը։ Հարթակից իրար փոխարինելով, ինչ-որ մարդիկ էին ելույթ ունենում, ինձ համար դեռևս անհասկանալի բաների մասին պատմում, որը նույնիսկ տարօրինակ էր հնչում, բայց հետո արդեն ամեն օր՝ պարապմունքներից հետո, այնտեղ էի գնում, որպեսզի տեղեկանամ կատարվող իրադարձություններին, իսկ ինստիտուտ ընդունվելուց հետո ընկերներիս հետ ձեռնամուխ եղանք Բժշկական ինտիտուտի Շարժման Նախաձեռնող խմբի ստեղծմանը։ Երբ սկսվեցին կազմավորվել կամավորական ջոկատներ, բժշկական ինտիտուտի 70-ից ավելի ուսանողներ անդամագրվեցին տարբեր ջոկատներում, իհարկե, սկզբում որպես բուժակներ, բայց հետո՝ մարտիկներ։
Ուսանողների մի մասը ետ կանգնեց կես ճանապարհից, իսկ նրանք, ովքեր մնացին, մինչև պատերազմի ավարտը զենքը ձեռքներին կռվեցին հակառակորդի դեմ՝ արյան, կյանքի գնով պաշտպանելով հայրենի սահմանները։ Բժշկական ուսանողների մի ջոկատը, որի մեջ էին իմ լավագույն ընկերներ Մուրադ Մուրադյանը, Արտակ Զեյնալյանը, Միքայել Բայաթյանը, Կամավոր Խաչատրյանը, Արմեն Ղունյանը, Հարություն Առուստամյանը, Սամվել Մկրտչյանը, Արամը, Վահե Բաղդասարյանը, Լևիկ Բաղդասարյանը,Վահե Բադալյանը, Արմեն Սողոյանը, Գարիկ Հարությունյանը, Արայիկ Ղարիբյանը և այլոք, նախ ընդգրկվեցինք Մյասնիկյանի շրջանի ջոկատի կազմում։ 1990թ-ի հունվարին ՀԱԲ-ի ջոկատի կազմում (հրամանատար՝ Ռ․ Վասիլյան) մեկնցինք Արծվաշեն։ Ջոկատը շատ վատ էր զինված։ Մենք ընդամենը մի քանի որսորդական հրացան ու մի քանի ինքնաշեն նռնակներ ունեինք, իսկ այդ ժամանակաշրջանում զենք հայթհայթելը շատ դժվար էր։ Մեկնեցինք գիշերով։ Ցուրտ ձմեռ էր, սառցեպատ, ոլորապտույտ ճանապարհն անցնում էր ադրբեջանական գյուղով։ Տների բակերում տեսնում էի լվացք էր փռված․ «Ուրեմն դեռ բնակիչներ կան»,-մտածում էի ես։ Առանց արկածների հասանք Արծվաշեն։ Խենթություն էր․․․ (հիմա եմ այդպես մտածում): Իսկ երբ մեկ ամիս անց վերադառնում էինք, նորից այդ գյուղով անցանք։ Լվացքը նույնությամբ կախված էր պարաններից։ Հասկացանք, որ բնակիչները վաղուց էին հեռացել․․․