Շենգավիթում բանկոմատներ են վնասվել, կան ձերբակալվածներ (ֆոտո)


Շենգավիթում բանկոմատներ են վնասվել, կան ձերբակալվածներ (ֆոտո)
Փետրվար 1 15:55 2018

Հունվարի 29-ի գիշերը Բագրատունյաց պողոտայի 44, Արշակունյաց պողտայի 28/3 ու Նորագավթի 1-ին փողոցի 93-րդ հասցեներում տեղադրված բանկոմատները, տեխնիկական միջոցներով վնասել էին, փորձել՝ հատուկ սարքավորման միջոցով հասանելիություն ստանալ բանկոմատների համակարգչային համակարգերին՝ փող հափշտակելու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը, նաեւ նրանց տեղաշարժը:

Ոստիկանությունից հայտնում են, որ Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են 41-ամյա Արթուր Խուդինյանն ու 42-ամյա Յարոսլավ Ռոժկովը, որոնք բերման են ենթարկվել բաժին: Ռոժկովի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի կրիչներ, երկու զույգ ձեռնոց, բժշկական դիմակներ, արցունքաբեր գազ, հեռադիտակ, նաեւ 25 սանտիմետրից ավելի երկարությամբ ծալովի դանակ: Էլեկտրազոդիչ սարքը, որով վնասվել են բանկոմատները, նույնպես Ռոժկովինն է: Այն հայտնաբերվել է դեպքի վայրերից մեկի զննությամբ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերն ու բերման ենթարկվածները ներկայացվել են տարածքային նախաքննական մարմին:

Քրեական գործ է հարուցվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության փորձ կատարելու եւ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հատկանիշներով:

Յարոսլավ Ռոժկովն ու Արթուր Խուդինյանը ձերբակալվել են: