Կառավարության նիստերը դռնփակ կլինեն. հերթական նախագիծը Սարգսյանի համար


Կառավարության նիստերը դռնփակ կլինեն. հերթական նախագիծը Սարգսյանի համար
Փետրվար 1 11:04 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որը հավանության արժանացավ եւ օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները` նախարարը նաեւ նշեց, որ օրենքով սահմանվել է, որ Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ Կառավարության ղեկավարը պետք է ապահովի Կառավարության գործունեության հրապարակայնությունը:

Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ Կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է դռնբաց անցկացվել: Ըստ նախագածի՝ Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:

Նշենք, որ մինչ օրս Հայաստանի Կառավարության նիստերը դռնբաց են եղել, բացառությամբ գաղտնի հարցերի քննարկման ժամանակ:

Սա ինքնին ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունների՝ մենք աշխատում ենք բաց եւ թափանցիկ վստահեցումները առ ոչինչ են: Եվ եթե նկատի ունենանք, որ վարչապետի ամենահավանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ապա ակնհայտ է, թե ինչու ընդունվեց Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը: