ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետի նշանակումը լուրջ իրարանցում է ստեղծել․ «Ժողովուրդ»


ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետի նշանակումը լուրջ իրարանցում է ստեղծել․ «Ժողովուրդ»
Հունվար 31 08:58 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ վարչության պետի նշանակումը լուրջ իրարանցում է ստեղծել նաեւ ՔԿՀ պետերի շրջանում: Ենթադրվում է, որ նոր պետի նշանակումով մի շարք փոփոխություններ են սպասվում նաեւ ՔԿՀ-ների պետերի շրջանում:

Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ռաֆայել Հովհաննիսյանի տեղակալ է նշանակվելու «Աբովյան» ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը: Հիշեցնենք, որ Արսեն Աֆրիկյանը 2017թ. հունիսի 20-ին ազատվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնից, երբ իրավապահները այնտեղ բացահայտել էին, որ պաշտոնատար անձանց միջամտության արդյունքում դատապարտյալներին պարբերաբար մարմնավաճառներ էին տրամադրվել, սակայն այս ամենի արդյունքում ՔԿՀ «մանր ձկները» հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, իսկ ահա ՔԿՀ պետ Աֆրիկյանի մասով իշխանությունները բավարարվեցին միայն` նրան պետի պաշտոնից ազատելով եւ «Աբովյան» ՔԿՀ պետի պաշտոնին նշանակելով:

Ինչեւէ, այս պաշտոնին նա մնաց 7 ամիս եւ հիմա էլ կտեղափոխվի եւ կնշանակվի վարչության պետի տեղակալ: Իսկ թե ով կլինի կանանց գաղութի պետ, դեռեւս պարզ չէ:

Մեզ հասած լուրերի համաձայն` նաեւ մյուս ՔԿՀ պետերի մասով են փոփոխություններ սպասվում: Մասնավորապես «Արմավիր» ՔԿՀ պետի տեղափոխման հարցը մեկ այլ ՔԿՀ եւս քննարկվում է: Ինչ կտան այս փոփոխությունները` ՔԿՀ-ներում առկա վիճակը կարգավորելու համար, դժվար է ասել: Մեզ մնում է սպասել զարգացումներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...