Սյունիքի մարզի փաստաբանները վաղը գործադուլ են անելու


Սյունիքի մարզի փաստաբանները վաղը գործադուլ են անելու
Հունվար 29 18:09 2018

Սյունիքի մարզի փաստաբանները նույնպես միանում են գործընկերների հայտարարությանը և պահանջում ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը:

Սյունիքի մարզի փաստաբանների համակարգող փաստաբան Լիանա Գրիգորյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Սյունիքի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են:

Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 30-ին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեկօրյա նախազգուշական գործադուլեր են իրականացրել Լոռու և Շիրակի, Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները: