Ոստիկանապետը սկսեց պաշտոնանկությունները


Ոստիկանապետը սկսեց պաշտոնանկությունները
Հունվար 26 20:10 2018

Armtimes.com. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօրվանից սկսել է կադրային փոփոխությունները:
Ոստիկանապետն այս անգամ ազատումները սկսել է Հանրապետության երրորդ քաղաքից՝ Վանաձորից:
Մեր տեղեկություններով, այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանը եւ ուղարկվել կադրերի ռեզերվ: Այվազյանը այդ պաշտոնին նշանակվել էր 2017 թվականի սեպտեմբերին՝ ազատվելով ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից: Տեղեկացանք, որ Բազումի բաժնի պետի պաշտոնն այս պահին թափուր է:
Ոստիկանությունից հաստատեցին Այվազյանի ազատման վերաբերյալ մեր տեղեկությունները՝ չնշելով սակայն ազատաման պատճառը:
Մեր տեղեկություններով, առաջիկայում մի քանի ոստիկանապետեր եւս հրաժեշտ կտան իրենց զբաղեցրած պաշտոններին:
Հիշեցնենք, որ ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկանապետՎլադիմիր Գասպարյանը խոսել էր կառավարման նոր կարգի անցնելու պայմաններում ոստիկանության խնդիրների ու կադրային փոփոխությունների մասին։
«Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսներին, իրենք դիմում կգրեն կգնան։ Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի», - մասնավորապես ասել էր ոստիկանապետը: