Ի՞նչ տուգանքներ կվճարեն ծխելն արգելող կանոնները խախտողները


Ի՞նչ տուգանքներ կվճարեն ծխելն արգելող կանոնները խախտողները
Հունվար 26 11:48 2018

Առողջապահության նախարարությունը հանրության քննարկմանն է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծը, որը բացի մի շարք արգելքներից, նախատեսում է նաև տուգանքներ։

Ըստ այդմ՝ ծխելը հասարակական վայրերում, ինչպես նաև «փակ» տարածքներում, այդ թվում`

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,

6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,

7) հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,

9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում,

11) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),

12) բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում,

13) շենքներում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում,

14) անչափահասների և կանանց համար նախատեսված քրեակատարողական հիմնարկներում,

15) խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով:

Նույն արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Բացի այդ՝ տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հիմնարկներում, կազմակերպություններում որտեղ չեն պահպանվում փակ տարածքում ծխելու կանոնները` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք՝ օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից: