Ոստիկանապետ Վովա Գասպարյանը նախօրեին այցելել է Բաղրամյան 26. Ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Ժամանակ»


Ոստիկանապետ Վովա Գասպարյանը նախօրեին այցելել է Բաղրամյան 26. Ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Ժամանակ»
Հունվար 26 08:56 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանապետ Վովա Գասպարյանը նախօրեին այցելել է Բաղրամյան 26 եւ հանդիպում ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ նրան ներկայացնելով 2017-ի աշխատանքի արդյունքը եւ տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Ինքնին այս այցելությունը հետաքրքիր է անկասկած, սակայն առավել ուշագրավ է դառնում այն իրողության ֆոնին, որ նախօրեին հայտնի են դարձել կառավարման նոր մոդելում ոստիկանության, այսպես ասած, կարգավիճակի վերաբերյալ օրինագիծը եւ մանրամասները:

Ըստ այդմ՝ ոստիկանությունը դառնում է վարչապետին ենթակա կառույց: Եթե ներկայումս ոստիկանությունն առընթեր է կառավարությանը, այսինքն՝ անմիջականորեն ենթակա չէ վարչապետին, ապա ապրիլից կլինի այդպիսին: Սրա վերաբերյալ հարցերի քննարկումներ Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանի հետ չի ունեցել՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, սակայն կասկած իսկ չկա, որ հանդիպման ընթացքում իրականում երեւի թե հենց այս խնդիրն է եղել առանցքայիններից մեկը, ընթացիկ աշխատանքներից բացի:

Բանն այն է, որ առկա է ուշագրավ իրավիճակ: Եթե վարչապետ լինում է Սերժ Սարգսյանը, ապա այստեղ կարծես թե իրավիճակը սկզբունքորեն չի փոխվում, եւ Վովա Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո, հաշվետու է մնում նրան: Սակայն, եթե ստացվում է այնպես, կամ չի ստացվում ինչ-որ բան այնպես, ու Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ, ապա Վովա Գասպարյանը, փաստորեն, հայտնվում է բոլորովին այլ վարչապետի ենթակայության ներքո:

Եթե դիցուք՝ դիտարկենք, որ այդ վարչապետը մնում է Կարեն Կարապետյանը, ապա այստեղ իրավիճակը դառնում է առանձնապես ուշագրավ՝ հաշվի առնելով այն, որ Կարեն Կարապետյանի եւ Վովա Գասպարյանի փոխհարաբերությունը, մեղմ ասած, չի ստացվել արդեն հիմա կամ նույնիսկ վաղուց՝ Կարապետյանի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո: Դրա վկայությունն են այն մի շարք դիտողությունները կամ հանձնարարությունները, այսպես ասած՝ վերադաս դիրքերի ցուցադրությունը, որ Գասպարյանի հանդեպ փորձում էր անել Կարեն Կարապետյանը կառավարության նիստերին՝ նրան այս կամ այն առիթով տալով հանձնարարականներ, հաճախ նույնիսկ ֆունկցիոնալ առումով ոչ անմիջական առնչություն ներկայացնող հարցերի առիթով:

Իսկ նախորդ տարվա սկզբին իր ասուլիսի ընթացքում Կարեն Կարապետյանը, ըստ էության, ուղիղ տեքստով էր հայտարարել, որ ոստիկանությունը չի օժանդակում իրեն մենաշնորհների եւ պաշտոնական դիրքի չարաշահման դեմ պայքարում:

Վովա Գասպարյանն անկասկած Սերժ Սարգսյանից ակնկալում է այս իրավիճակի հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ իրողությունների որոշակիացում՝ մնո՞ւմ է Սարգսյանը վարչապետ ու երաշխավորո՞ւմ է Գասպարյանի դիրքը, թե՞ Սարգսյանը որեւէ երաշխիք չի տալիս ոստիկանապետին՝ կապված 2018-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...