Ինչպես են Երկրապահի անունից մսխում համայնքային միջոցները


Ինչպես են Երկրապահի անունից մսխում համայնքային միջոցները
Հունվար 25 15:11 2018

Մամուլն արդեն գրել է Երկրապահ կամավորական միության կողմից համայնքային բյուջեների հաշվին զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու մասին։ Ամանորին ընդառաջ ԵԿՄ-ն տարբեր համայնքներից 30-40 հազար դրամ է խնդրել և ստացել։

«Առաջին լրատվական»-ի ձեռքի տակ են հայտնվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագանու մի քանի ուշագրավ որոշումներ, որոնցով համայնքային բյուջեից դուրսգրումներ են կատարվել, որոնք երբեմն շատ զավեշտալի են և չեն համապատասխանում իրականացված ծախսին։

Ընդ որում այդ որոշումների մեծ մասը կայացվել է Մարտունու նախկին քաղաքպետի՝ Բագրատ Հարությունյանի ժամանակ։

Օրինակ՝ 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ՝ Մարտունու երաժշտական դպրոցի դաշնամուրի նորոգման համար համայնքային բյուջեի պահուստային ֆոնդից 300 հազար դրամ է դուրս գրվել։ Նույն տարվա մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, 400 հազար դրամ է տրամադրվել կրկին համայնքի պահուստային ֆոնդից։ Այս գումարը փոխանցվել է ԵԿՄ Մարտունու տարածքային կազմակերպության նախագահ Վաչիկ Գևորգյանի հաշվին։ 2013 թվականի մարտի 24-ի մեկ այլ որոշմամբ՝ ԵԿՄ Մարտունու տարածքային կառույցի կարիքների համար 300 հազար դրամ գումար է փոխանցվել։ Գումարը կրկին փոխանցվել է Վաչիկ Գևորգյանին։ 2014 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ էլ՝ Վաչիկ Գևորգյանի հաշվեհամարին է փոխանցվել 600 հազար դրամ Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներին նվերներ ձեռք բերելու համար։

2012 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Մարտունու քաղաքապետարանի վարչական շենքի բակային տարածքում կառուցված Արցախյան ազատամարտի մասնակիցներին և զահվածների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությունը կազմակերպելու, հյուրասիրություն, սնունդ գնելու համար համայնքային բյուջեից 950 հազար դրամ գումար է դուրս գրվել։ Մեկ այլ որոշմամբ՝ նույնքան գումար փոխանցվել է մեկ այլ հուշարձանի բացման համար։

2015-ի ապրիլի 20-ին քաղաքապետարանի դիմացի այգին կանաչապատելու նպատակով ծաղիկների սերմեր գնելու համար 500 հազար դրամ է հատկացվել։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ Մարտունու եկեղեցու բակում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների համար 900 հազար դրամ է հատկացվել։

Ուշագրավ է, որ բյուջեից այս աննպատակ ծախսերը կատարելու որոշումները ընդունվել են ավագանու միաձայն որոշմամբ։ Դեմ արտահայտվողներ չեն եղել։

Ուշագրավ է նաև այն, որ հիմնականում համայնքային բյուջեից դուրս է գրվել 950 հազարի չափ գումար, քանի որ եթե գումարը գերազանցեր 1 միլիոն դրամը, ապա քաղաքապետը ստիպված կլիներ առաջնորդվել Գնումների մասին օրենքով, և ծառայությունները մատուցելու համար, կամ գնումներ կատարելու համար մրցույթ հայտարարեր։

Մեր զրուցակիցը նշեց, որ վերը թվարկվածը ընդամենը մի քանի դրվագ է նախկին քաղաքապետի՝ Բագրատ Հարությունյանի որոշումներից։ Այդպիսի հարյուրավոր որոշումնր կան, երբ քաղաքի բյուջեից նման ճանապարհով յուրացումներ են եղել։ Ընդ որում, մեր զրուցակցի խոսքերով, այս մոդելը լայնորեն կիրառելի է նաև այլ համայնքներում։ «Պետք է 1 միլիոնը չանցնի, բայց իրենք պատրաստ են ավագանու մեկ նիստում տասնյակ նման դուրսգրումներ անել աննպատակ։ Որտեղ ես տեսել, որ 300-400 հազարով դաշնամուր նորոգեն, կամ ծաղկի սերմ գնեն կես միլիոն դրամով։ Այս եղանակով 30-40 հազար դոլար փող է էս տարիների ընթացքում յուրացվել։ Կամ էդ որ օրվանից է ԵԿՄ-ն փողի խնդիր ունեցել։ Նրանց թանկարժեք ավտոների շարասյունն անցնում է, ապշում ես, բայց էս որոշումները կարդում ես, մտածում ես՝ ինչ մեղք են, 100-200 հազար համայնքներից փող են մուրում, որ զոհվածների ընտանիքներին նվերներ գնեն։ Սա է ամբողջ խնդիրը։ Այստեղից են ծնվում ավելի մեծ խնդիրները»,- նշեց մեր զրուցակիցը։

Նյութի աղբյուրը՝ 1in.am