Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, բա ո՞վ է մեր թիմի անդամ․ Շարմազանով


Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, բա ո՞վ է մեր թիմի անդամ․ Շարմազանով
Հունվար 25 14:22 2018

Արմեն Սարգսյանն իր քաղաքական և գիտական կենսագրությամբ արժանի է լինել ՀՀ նախագահ: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա անդրադարձավ լրագրողների այն դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը դրսից բերված է և կուսակցական չէ:

«Ի՞նչ է նշանակում դրսից, նա դրսից չէ: Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպանն է: Արմեն Սարգսյանի առնչությամբ «դուրս» ասելը ճիշտ չէ: Նա Հայատանի Հանրապետության դիվանագետ է, նշանակվել է դեսպան ՀՀ նախագահի հրամանագրով: Արմեն Սարգսյանն այն եզակի գործիչներից է, որ նույն պաշտոնին նշանակվել է ՀՀ երեք նախագահների կողմից: Ինչ վերաբերում է «ոչ կուսակցության ներսից» արտահայտությանը: Կներեք, դուք Սահմանադրություն չեք կարդացել: Այնտեղ հստակ գրված է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է լինի անկուսակցական: Ոնց կարող ենք հանրապետական կամ մեկ այլ կուսակցության անդամի առաջադրել: Սահմանադրության մեջ կան չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի նախագահը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովի համար ընդունելի չեն այն դիտարկումները, թե վերջին շրջանում իշխանություններն այս կամ այն պաշտոնին թեկնածուներ են ներկայացնում համակարգից դուրս:

«Ինչ է նշանակում համակարգի ծնունդ է կամ ոչ: Ես չեմ հասկանում: Կարեն Կարապետյանը եղել է Էներգետիկայի նախարարի տեղակալ, Երևանի քաղաքապետ: Բա որ Կարեն Կարապետյանը մեր թիմի անդամ չէ, բա ո՞վ է մեր թիմի անդամ: Չեմ հասկանում այդ դիտարկումները: Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանը, ՀՀ նախկին վարչապետը եւ պետական համակարգի ներկայացուցիչ չէ, ապա ո՞վ է պետական համակարգի ներկայացուցիչը»,- ասաց նա: