«Մեր քրֆեց ու կրակեց». Չարբախում սպանության գործով վկայի հակասական ցուցմունքները` «նարկոզի» արդյունք


«Մեր քրֆեց ու կրակեց». Չարբախում սպանության գործով վկայի հակասական ցուցմունքները` «նարկոզի» արդյունք
Հունվար 24 15:23 2018

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր` հունվարի 24-ին, ցուցմունք տվեց վկա Արամ Պետրոսյանը: Ցուցմունք տալուց առաջ նա դատարանին հարց ուղղեց. «Հիմա ինչ, այսինքն` էլի կասկածվում եմ հանցագործության մեջ»: Դատարանը նրան պարզաբանեց, որ դատարան է հրավիրվել որպես վկա ցուցմունք տալու:

Արամ Պետրոսյանը նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Պետրոս Իսրայելյանին, որն իր ընկերն է. «Մենք ընկերություն չենք արել է, այլ ախպերություն»:

Նա պատմեց, որ հաճախ են հավաքվել Պետրոս Իսրայելյանին պատկանող գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող տարածքում, նրա խոսքով, դա եղել է իրենց «տունը»: Նրա խոսքով, ամեն ինչ սկսվել է, երբ Արա Վարդանյանը` «Ճըվճվ Արոն», խնդրել է Գեղամին (Պետրոս Իսրայելյանին) Վարդենիսցի Վահագնից վերցնել պարտքը` 2 հազար դոլարը: Նրա խոսքով, Ճըվճվ Արոյի ընկերը` Մուշեղ Մուշեղյանն, ավելի ուշ պնդել է, թե Վարդենիսցի Վահագնը ոչ թե 2 հազար, այլ 20 հազար դոլար է պարտք:

«Դեպքից մի չորս օր առաջ նստած ենք եղել, Գեղամն ասեց, որ փողի հետ կապված խնդիր կա, մեկը ճըվճվին 20 հազար դոլար է պարտք: Ասաց` ախպեր ջան ինքնասիրության հարց է դարձրել, 20 հազար տվել ա, 18 հազար հետ են տվել, հիմա 2 հազար դոլար պետք է տա, բայց 20 հազար են հետ ուզում: Ասաց`Մուշեղը կոնկրետ մեր հետեւից ա ընկել: Ես էլ վերցրի զանգեցի Մուշեղին` ասել եմ` տվողն էլ գիտի ինչքան պիտի տա, վերցնողն էլ գիտի` ինչքան պիտի ստանա: Մուշեղն էլ ասաց` դե որ տենց ա` արի իրար տենանք: Իրա խոսալը գիտեք ինչ ձեւի էր` ապեր ջան լսում ես ինչ եմ ասում, ուրեմն սենց…ագրեսիվ էր շատ»,-պատմեց նա:

Վկան նշեց, որ հաջորդ օրը զանգել եւ գնացել է Մուշեղ Մուշեղյանի հետ հանդիպման. «Հաջորդ օրը զանգեցի իրան, ասաց` ախպեր Բանգլադեշ եմ, արի ստեղ կտեսնենք իրար: Գեղամն ասաց` մենակ գնում ես էնտեղ, արի ես էլ հետդ գամ, որ հանկարծ չծեծեն: Մի քանի հոգով ենք գնացել, երկու ավտոյով ենք գնացել: Մուշեղի տեղը չգտանք, զանգեցի, ասացի` արի մեր տուն` նկուղային տունը, բացատրեցի հասցեն: Նստած էինք` ուժեղ ձայն լսվեց` Մուշեղն էր, տենց ուժեղ դուռը բացեց: Գեւորգն էլ կանգնած էր էդտեղ, ասաց` սա մեր դռան դուռն է, ինչի ես տենց բացում դուռը: Գեւորիկի հետ երկու բերան խոսակցություն եղավ, սկսեց մեր քրֆել, Գեւորիկն էլ նրան մեր քրֆեց: Մուշեղը պատրաստված եկել էր, ձեռը գցեց հետեւը, զենքը հանեց ու Գեւորի ուղղությամբ կրակեց: Գեւորն էլ ընկավ, փաթաթվեց նրան, հետո քաշքշոց եղավ: Դեմս սիգարտեի տուփ կար, վերցրի ու շպրտեցի վրան: Հետո թեւիս տակ ուժեղ ցավ զգացի, ու բան չեմ հիշում: Հետո Գեղամի ձայնը լսեցի, ասում էր` օգնեք Արամին, խփել են»:

Շարունակությունը՝ news.am-ում: