Փակեք լսումները, կանգնացրեք լսումները իջնենք գնանք տներով. Փաշինյանը հեգնեց


Փակեք լսումները, կանգնացրեք լսումները իջնենք գնանք տներով. Փաշինյանը հեգնեց
Հունվար 23 15:57 2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորում է կարագի փոխարեն կանաչի ուտել։

«Ստացվել է, որ սերուցքային կարագը 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու 48 տոկոս էժանացումը, եթե, օրինակ, գառան միսը 28,9 տոկսով է թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18,2 տոկոս էժանացումը», - Ազգային ժողովում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Փաշինյանը: 

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ստացվում է այն փիլիսոփայությունը, որ կառավարություն-իշխանությունն ասում է, թե գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա։

«Ի վերջո, խոսքը ինչի՞ մասին է, երբ ասում ենք սնունդ, խոսքը սնվելու մասին է չէ՞, խոսքը նրա մասին է, որ կարելի է սնվել, օրինակ՝ կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ ա եղել որ», -ասաց Ն. Փաշինյանը։

Նա հիշեցրեց՝ Կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ գիտությունը պարզել է՝ կարագը օգտակար է, ապա ավելացրեց. «Բա գիտությունը գիտեք երբ ա պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտեք ինչքան վիտամիններ կան մեջը, գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, գիտեք ինչ օգտակար է կանաչ սոխը, չէ, լուրջ, առանց կատակի»։

Փաշինյանը հորդորեց՝ «խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար»։

«Բենզինը թանկացել է, բրթեք ձեր մեքենաները, ի՞նչ է, թևներիդ մեջ ուժ չկա, համ էլ լավ ֆիթնես ծառայություն ա, նորմալ է ամեն ինչ», -նշեց Ն. Փաշինյանը։

«Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով՝ թանկացած ապրանքները իրենց տեսակարար կշռով կրկնակի ավելի ծանր են, քան՝ էժանացած ապրանքները։

«Երբ լսում եմ իշխանության, կառավարության ներկայացուցիչներին, սենց լսում-լսում-լսում եմ, ասում եմ՝ ըննենց, ոնց որ, թե հայերեն են խոսում, ընդ որում, գրական բառերով, բայց, ոնց որ, թե իրականության մասին չեն խոսում, էս ինչ պատմություն ա ու հետո հասկացա՝ մեր իշխանության ներկայացուցիչները իրականությունը վերցնում են, գցում են «գուգլ թռանսլեյթի» մեջ, «թռանսլեյթ» կնոպկան սեղմում ու տեսքտից կարդում են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ նրանք, ըստ էության, ամեն ինչ ճիշտ են ասում, բայց «գուգլ թռանսլեյթով» են ասում։

«Կամ ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն, էսօր ասում ա 2011 թվին 7 տոկոս գնաճ ա եղել, մարդ ա մեռե՞լ,... փակեք լսումները, կանգնացրեք լսումները իջնենք գնանք տներով, ժողովուրդ ջան»,-ասաց Ն. Փաշինյանը։

Այս լսումները, պատգամավորի խոսքվ, իշխանությունը կազմակերպել է, որ ասի, թե Հայաստանում գնաճ չկա։

«Հլը վերնագիրը նայեք՝ «առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները», էս վերնագիը ո՞վ ա դրել, հաստատ սովետական միությունում քաղբյուրոյի հետ կապ ա ունեցել, հիշում եք չէ՞, սովետական միությունում ամեն ինչ իդելական էր, բայց առանձին կոլեկտիվներում առանձին աշխատակիցների կողմից թույլ էին տրվում առանձին բացթողումներ, իսկ, ընդհանուր առմամբ, կյանքը ուրախ, ապրուստը ձրի ու, քանի որ կյանքը ուրախ է ու ապրուստը ձրի է, «Ելք» խմբակցությունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում փետրվարի 5-ին՝ ժամը 18։00-ին, հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ տոնակատարության, որպեսզի բարձր տրամադրության նշենք ուրախ ու ձրի կյանքը ու շնորհակալություն հայտնենք ՀՀԿ-ին, որ անհոգ ու երջանիկ իրականություն է նվիրել բոլորիս», - եզրափակեց  Նիկոլ Փաշինյանը։