Հակոբ Բեգլարյան չօրենսդիրը


Հակոբ Բեգլարյան չօրենսդիրը
Հունվար 23 12:28 2018

Մեր կուսակցությունը ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ խոսելով թանկացումների մասին։

«Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի», - ասաց Բեգլարյանը։

Դիտարկմանը, թե ինչու կուսակցության մոտ չի ստացվում մշակել ճիշտ քաղաքականություն և դուրս բերել հասարակությանը ճգնաժամից, Բեգլարյանը հակադարձեց. «Շատ լավ է, ամեն ինչ էլ արվում է»։
Հարցին՝ ինչու է այդ դեպքում ժողովուրդը դժգոհ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դժգոհություն ամեն տեղ կա՝ և՛ մեզ մոտ, և՛ ավելի զարգացած երկրներում»։
Ի դեպ Հակոբ Բեգլարյանը նկատելով նիստերի դահլիճի մոտ հավաքված լրագրողներին փորձում էր աննկատ հեռանալ: Նա անգամ չմասնակցեց գնաճի թեմայով խորհրդարանական լսումներին: Բեգլարյան Հակոբը լքեց ԱԺ շենքը, հայտարարելով, թե շատ զբաղված է:
Նշենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ի ՀՀԿ խմբակցության պատագամավոր Հակոբ Բեգլարյանը, ով Կապի եւ Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, խորհրդարանում որեւէ անգամ ելույթ չի ունեցել, որեւէ հարցադրում չի արել: Նրա առաքելությունը անցնող ամիսների ընթացքում եղել է միայն կոճակ սեղմելը, եւ արագորեն նիստերի դահլիճը լքելը: Հետեւաբար անիմաստ է խոսել այն մասին, որ Հակոբ Բեգլարյանը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ:

Փայլակ Ֆահրադյան