Վահագն Աբգարյանը կալանավորվել է


Վահագն Աբգարյանը  կալանավորվել է
Հունվար 22 17:42 2018

Քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին՝ ալավերդցի Վահագնին, հունվարի 20-ին կալանավորել են։ Այս տեղեկությունը հաստատել են  Քննչական կոմիտեից։

Մեզ նաեւ տեղեկացրին, որ բացի Վահագն Աբգարյանից կալանավորվել են գործով եւս 4 մեղադրյալներ։

Նշենք, որ Աբգարյանը օրերս ձերբակալվել էր Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում հնչել են կրակոցներ, որի արդյունքում ստացված հրազենային վնասվածքներից մահացել է քաղաքացի Կամո Փիրուզյանը (ծնված 1978թ):

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1991 թ.։ Դեպքի պահին վերջինս գտնվել է նույն հասցեում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ.Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղադրյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի, շարժառիթների վերաբերյալ։



loading...