Լոռու մարզի փաստաբանները սկսեցին մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիան


Լոռու մարզի փաստաբանները սկսեցին մեկօրյա նախազգուշական բողոքի ակցիան
Հունվար 22 12:20 2018

Լոռու մարզի 47 փաստաբան այսօր սկսել է մեկօրյա բողոքի ակցիան՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի» նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողը տեղեկացավ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից:

Ավելի վաղ Լոռու մարզի փաստաբանները հանդես էին եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ միանում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ իրենց գործընկերների կողմից տարածված հայտարարությանը:

Մարզային փաստաբանները նաև հայտնել էին, որ որպես նախազգուշական քայլ, մեկ օրյա բողոքի ակցիա են իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Լոռու մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

«Մեր վստահորդների ներողությունն ենք հայցում, եթե 1 օրով ստիպված են լինելու զգալ մեր բացակայությունը, հավաստիացնելով, որ այս պայքարն ի վերջո իրենց արդար դատաքննության իրավունքին է վերաբերում, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել: Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 22-ին»,- նշվում էր Լոռու մարզի փաստաբանների հայտարարության մեջ: 

Աղբյուր` Փաստինֆո