«Ելքի» պատասխանը ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին եւ ՀՅԴ-ին


«Ելքի» պատասխանը ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին եւ ՀՅԴ-ին
Հունվար 22 12:00 2018

«Ելք» դաշինքը կհանդիպի ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց համանուն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

«Այդ հանդիպումը մեծ հաշվով «Ելքի» քվեարկության վրա չի անդրադառնա։ «Ելք»-ն իր սեփական թեկնածուին է փորձել առաջադրել, թեև ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետև անհրաժեշտ ձայների համար ստորագրություն չհավաքվեց, բայց «Ելք»-ը պիտի շարունակի իր թեկնածուի վերաբերյալ քարոզչությունը», - նշեց Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի հետ կապված ծանր բեռը չի կիսում ու նրա անունը չի կապվում ՀՀԿ-ի անվան շուրջ եղած սկանդալների հետ, բայց Արմեն Սարգսյանը ՀՀԿ առաջադրած թեկնածուն է, ինչն արդեն իսկ խոսուն փաստ է։

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ եթե Հանրապետականը վստահ է, որ Արմեն Սարգսյանը շատ առումներով գերադասելի թեկնածու է ու ցանկացած այլ թեկնածություն մրցակցությունից դուրս է, ապա Հանրապետականը կարող է Արտակ Զեյնալյանի առաջադրման համար պակասող 18 ստորագրությունն ինքն ապահովել՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ ու բանավեճեր ծավալել։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հույս է հայտնել մեկ փուլով անցկացնել նախագահական ընտրությունները, իսկ ՀՀԿ և ՀՅԴ ձայները չեն բավարարի մեկ փուլով դրանք անցկացնելու համար, հետևաբար ո՞ր խորհրդարանական ուժը կսատարի ՀՀԿ թեկնածուին, Արարատ Միրզոյանն ասաց. «Կարծում եմ՝ բացահայտում արած չեմ լինի՝ «Ծառուկյան» դաշինքը»։

«Կառավարությունում համարում են, որ մեր ժողովուրդը պատրաստ է թանկացման բեռը կրել, և դա նորմալ է»,- «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Նա հիշեցրեց, որ ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին, իրենք թանկացումների դեմ երթ էին հրավիրել, հաջորդ երթն էլ լինելու է փետրվարի 5-ին: «Այս ամբողջ ժամանակն օգտագործելու ենք՝ խոսելու գնաճի մասին»,-նկատեց Գորգիսյանը:

Նա հավելեց նաև, որ հանգստյան օրերին գազը, բենզինը և դիզվառելիքը կրկին գնաճ ապրեցին: «Տպավորություն ունեմ, որ մեր իշխանության ներսում շատերը կտրվել են իրականությունից, թե չէ ասել, որ գնաճը նորմալ է, հնարավոր չէ: Միանշանակ, ադեկվատ չեն այդպիսի գնահատականները»,-ավելացրել «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Ելքի» պատգամավորները նաև տեղեկացրին, որ վաղը կայանալիք խորհրդարանական լսումների, որ կրկին գնաճի վերաբերյալ է, մասնակցելու են: «Ջախջախելու ենք բոլոր հնարածին փաստարկները»,-նկատեց Գորգիսյանը:

Նրանք նշեցին, որ հաջորդ ակցիան փետրվարի 5-ին են նշանակել, քանի որ արդեն այդ ժամանակ մարդիկ ստացած կլինեն հունվարի աշխատավարձերը, որոնք ավելի քիչ են լինելու: Նրանք հույս հայտնեցին, որ այս ակցիան ավելի մարդաշատ կլինի:

Անդրադառնալով Աղվան Վարդանյանի այն պնդմանը, թե «Ջորի» բրդելը ամենակրեատիվ մտածողությունը չէր, Գեւորգ Գորգիսյանը արձագանքեց, թե վերջին 125 տարում Դաշնակցության կողմից ավելի կրեատիվ բան չեն տեսել: