18 մետրանոց ավտոբուսներ. միկրոավտոբուսների վերացում, կանգառների ավելացում. Նոր տրանսպորտային ցանցի մանրամասները


18 մետրանոց ավտոբուսներ. միկրոավտոբուսների վերացում, կանգառների ավելացում. Նոր տրանսպորտային ցանցի մանրամասները
Հունվար 20 14:50 2018

Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագիծը հեղափոխական փոփոխություններ է առաջարկում. Մասնավորապես, կրճատվում են տրանսպորտների միավորների քանակը, հանվում են միկրոավտոբուսները, ներդրվում է տոմսային միասնական համակարգ:

Ստորեւ կներկայացնենք, թե մասնավորապես, ինչ կոնկրետ փոփոխություններ է ենթարդում տրանսպորտի նոր ցանցը:

Նախ, նոր տրանսպորտային ցանցը բացառում է կրկնվող երթուղիները եւ շուրջ 3 անգամ կրճատում է տրանսպորտի միավորների քանակը, ինչը թույլ է տալու զգալիորեն բեռնաթափել ծանրաբեռնվածությունը Երեւանում, տրանսպորտը հասանելի է լինելու քաղաքի բոլոր հատվածներում:

Ցանը նախագծվել է միայն Երեւանի համար եւ չի ներառում Երեւանի շրջակայքում գտնվողն գյուղերը եւ ավանները, քանի որ դա կարող է հանգեցնել ծախսերի ավելացման եւ ազդեցություն ունենալ սակագնի վրա:

Նախատեսվում է, որ ներկայիս 115 երթուղու փոխարեն գործելու է 42-ը: Այդ 42 երթուղուց 11-ը լինելու է հիմնական, 30-ը՝ սնուցող, իսկ մեկը՝ դեպի օդանավակայան արագընթաց երթուղի։

Հատկանշական է, որ տրանսպորտային միավորների քանակը կրճատվելու է շուրջ 2 անգամ. եթե այսօր շահագործվում է 2039 տրանսպորտային միջոց, ապա նոր ցանցում այդ թիվը հասնելու է 939-ի, որի մեջ մտնում են նաեւ ռեզերվային ավտոբուսները: Այսինքն շահագործման մեջ լինելու է 833 ավտոբուս:

Նոր ցանցում լինելու են միայն միջին եւ մեծ տարողության ավտոբուսներ: Ներկայիս ցանցի երկարությունը կազմում է 4076 կմ, առաջարկվում է այն կրճատել 4 անգամ եւ սահմանել 1107 կմ:

Դեռեւս գործող ցանցով, հասարակական տրանսպորտի աշխատաժամերը, որոշ վերապահումներով, ժամը 07:00-23:00-ն է: Նոր ցանցը նախատեսում է, որ հասարակական տրանսպորտի շահագործումը սկսվի առավոտյան 06:45-ից՝ շարունակվելով մինչեւ կեսգիշեր՝ 24:00-ն: Տրանսպորտի աշխատանքի հաճախականության առումով նախատեսվում է հետեւյալը՝ ժամը 06:45-08:00-ն, ինչպես նաեւ 19:00-21:00-ն, ինտերվալը կլինի 10 րոպե, ժամը 21:00-24:00-ն՝ 15 րոպե: Պիկ ժամերին (08.00-19.00) տրանսպորտային միջոցները կանգառին կմոտնենան 5 րոպե պարբերականությամբ:

Նոր ցանցով առաջարկվում է շուրջ 25 տոկոսով ավելացնել կանգառների թիվը՝ 834-ից դարձնելով 1181, ինչը լրացուցիչ հարմարավետություն ապահովելու համար է: Դա չի անդրադառնալու երթեւեկության տեւողության վրա, այն միջինը կկազմի 55 րոպե:

Գործող ցանցով ուղեւորների 94 տոկոսը երթեւեկում է առանց տեղփոխի, այսինքն՝ Ա կետից Բ կետ հասնելու համար տրանսպորտ չի փոխում: Երթուղային նոր ցանցի դեպքում, երթեւեկողների 38 տոկոսը կունենա մեկ տեղփոխ: Այսինքն՝ անհրաժեշտ վայր կհասնի երկու տրանսպորտով: Երթեկողների 10 տոկոսը երեք տրասնպորտ կփոխի, իսկ չորս տրանսպորտ փոխելու անհրաժեշտություն կունենան ուղեւորների 3 տոկոսը: Մնացած 49 տոկոսը շարունակելու է երթեւեկել առանց տեղփոխի:

Նոր ցանցի 11 հիմնական երթուղիները սպասարկելու են գլխավորապես մեծ տեղատարողություն ունեցող ավտոբուսներ, հիմնական երթուղիները սնուցող 30 օժանդակ գծերը սպասարկվելու են միջին չափսի ավտոբուսներով, եւ գործելու են տրոլեյբուսային 5 երթուղիներ: Իսկ 42-րդ երթուղին դեպի «Զվարթնոց» օդանավակայան ճեպընթացն է: Տրոլեյբուսների մի մասը կվերազինվի եւ կվերականգնվի, մնացածի փոխարեն ձեռք կբերվեն նորերը: Տրոլեյբուսների շարժակազմի քանակը կլինի 111 միավոր:

11 հիմնական երթուղիները սպասարկվելու են մեծ՝ միակցված ավտոբուսներով, որոնց երկարությունը նախատեսվում է 18 մետր, տեղատարողությունը 150 ուղեւոր: Որոշ երթուղիներ նախատեսվում է սպասարկել մեծ, բայց ոչ միակցված ավտոբուսներով՝ երկարությունը 12 մետր, տեղատարողությունը՝ 90-100 ուղեւոր: Մնացած բոլոր սնուցող երթուղիները նախատեսվում է սպասարկել միջին չափսի ավտոբուսներով՝ երկարությունը՝ 7.5-8 մ, տեղատարողությունը՝ 45-50 ուղեւոր:

Նոր երթուղային ցանցի նախագծով առաջարկվում է ներդնել ուղեւորատոմսի էլեկտրոնային միասնական համակարգ, ինչպես նաեւ էլեկտրոնային չվացուցակի հատուկ ծրագրային ապահովմամբ հեռախոսային հավելվածներ, գործարկվելու են տոմսային եւ վճարային տերմինալներ, իրականացվելու է վճարումների վերահսկողություն՝ ժամանակից տեխնիկական միջոցներով:

Երթուղային նոր ցանցի նախագիծը մասնագիտական աշխատանքային խմբում քննարկումից հետո դրվել է հանրային քննարկման, որից հետո կսպասեն առաջարկների՝ ցանցը նախագծող խորհրդատուին ներկայացնելու համար։