«Երևան Սիթի»-ի տարածքում 60-ամյա տղամարդու սպանությունը ծրագրավորվա՞ծ է եղել


«Երևան Սիթի»-ի տարածքում 60-ամյա տղամարդու սպանությունը ծրագրավորվա՞ծ է եղել
Հունվար 20 12:40 2018

Դեկտեմբերի 22-ին Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքում սպանվեց 1957 թ. ծնված Լևոն Ասատրյանը:

Դեպքից հետո հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և միայն հունվարի 17-ին իրավապահներին հաջողվեց հայտնաբերել ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին:

«Փաստինֆո»-ին դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնի դարձել. պարզվում է՝ 60-ամյա տղամարդու սպանությունը նախապես պլանավորված է եղել:

Դեպքից օրեր առաջ մի տղամարդ է այցելել դեպքի վայրում գտնվող շուկայի այն հատվածը, որտեղ պտուղ-բանջարեղեն են վաճառում, և խնդրել է մի կին վաճառողի կշռել իր մոտ եղած ինչ-որ մի բույս, որը տղամարդը ցանկացել է վաճառել, սակայն կինը նրան ասել է, որ կշեռքը չի աշխատում:

Այս հարցի վերաբերյալ էլ վիճաբանություն է առաջացել սպանվածի և ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի միջև, վիճաբանությունը թեժացել է, և միմյանց հարվածել են՝ գործի դնելով ոչ միայն ձեռքերը, այլև՝ կշռաքարերը:

Այդ ամենից հետո շուկա այցելած տղամարդը վերադարձել է տուն, սակայն չի կարողացել ներել իրեն հարվածած տղամարդուն:

Այդ օրվանից մեկ շաբաթ անց երևանյան խանութներից մեկից ձեռքբերած դանակով տղամարդը գնացել է «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածք, մտել շուկա և առանց որևէ բառ ասելու մոտեցել է վաճառող տղամարդուն, դանակի մի քանի հարված հասցնելուց հետո հանգիստ հեռացել է դեպքի վայրից:

Աղբյուր` Փաստինֆո