Արտակարգ դեպք Երևանում.գազալցակայանում ուժեղ պայթյունի հետևանքով ամբողջությամբ վնասվել են մարդատար ГАЗель-ներ


Արտակարգ դեպք Երևանում.գազալցակայանում ուժեղ պայթյունի հետևանքով ամբողջությամբ վնասվել են մարդատար ГАЗель-ներ
Հունվար 20 00:20 2018

Shamshyan.com–ի տեղեկություններով`

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահամններում Դավիթաշեն թաղամասում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Քարգազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ, դեռևս անհայտ պայմաններում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարաները: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Այս պահին պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է ГАЗель մակնիշի ավտոմեքենա, որի վրա գտնվող գազաբալոնները շպրտվել են, մեկ այլ ГАЗель ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաև վնասվել է Opel մակնիշի ևս մեկ ավտոմեքենա: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը:

Այս պահին փրկարարներն ու ՃՈ ծառայողները սպասում են, որպեսզի ժամանեն Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը գազալցակայանի լիցքավորող Էրիկ Կյուրեղյանն է, ով գտնվում է Արմենիա բժշկական կենտրոնում: Քիչ առաջ ժամանեցին նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սենիկ Երանոսյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ: