Հայաստանում տարեցտարի ավելանում է էսթետիկ վիրահատությունների դիմողների քանակը․ բժիշկ- մասնագետներ


Հայաստանում տարեցտարի ավելանում է էսթետիկ վիրահատությունների դիմողների քանակը․ բժիշկ- մասնագետներ
Հունվար 19 19:37 2018

Հայաստանում տարեցտարի ավելանում է էսթետիկ վիրահատությունների դիմողների քանակը, դրան նպաստում է Հայաստանում էսթետիկ վիրահատությունների բավական բարձր որակը և գների մատչելիությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին խոսեցին Էրեբունի ԲԿ պլաստիկ-միկրո վիրաբույժ Էդգար Հայրապետյանը, Հարություն Հարությունյանը։
Էդգար Հայրապետյանի խոսքով Հայաստանում առաջին տեղում քթի պլաստիկան է, իսկ միջազգային վիճակագրությամբ՝ առաջին տեղում կրծքի պլաստիկան է, որից հետո քթի վիրահատությունը, լիպոսակցիան և այլն։

Խոսելով վիրահատական բարդությունների ու հետևանքների մասին, երբ ստիպված են լինում կրկին վիրահատության դիմել, Հայրապետյանը նշեց, որ վիրաբույժ չեն ծնվում, դառնում են: Յուրաքանչյուր վիրաբույժ ունենում է իր սխալները, չկա վիրաբույժ, ով ասի՝ միշտ լավ եմ վիրահատել, միշտ ինձ մոտ ստացվել է: Հայաստանում տարեցտարի զարգանում է նաև բժշկական տուրիզմը, այս առումով պահանջարկված է ստոմատոլոգիան, էսթետիկ վիրաբուժությունը:

Հարություն Հարությունյանը հանդես եկավ պատմական ակնարկով և նշեց, որ հասարակության մոտ առաջին հայացքից «պլաստիկա» բառը ասոցացնում են արհեստական նյութերի հետ, սակայն այն առաջացել է հունարեն 《պլաստիկոս》 բառից, որը նշանակում է ստեղծել, սարքել, ձևավորել: Կրծքագեղձի առաջին պլաստիկ վիրահատությունը կատարվել է 1800-ականներին՝ վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) նպատակներով, մի կնոջ մոտ, որի կուրծքը հեռացրել էին ուռուցքի պատճառով։ Նա մեջքին ճարպային գոյացություն է ունեցել, վիրաբույժը այն փոխպատվաստել է կնոջը, որպես կուրծք: Դրանից 70 տարի հետո նոր հայտնաբերել են սիլիկոնային իմպլանտանտը, որ մինչ օրս օգտագործվում է կրծքագեղձի պլաստիկայի մեջ։



loading...