Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները


Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները
Հունվար 19 18:15 2018

Ըստ ՀՀ նոր Սահմանադրության՝ 2018-ից Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման, այսինքն` Հանրապետության նախագահը պետության գլուխն է։

Նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահի լիազորությունները կրճատվում են, և երկրի առաջին դեմքը ոչ թե նախագահն է, այլ՝ վարչապետը:

Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորն է:

Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որևէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք: Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը:

Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:

Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: Հանրապետության Նախագահն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ:

Նախագահին է վերապահված օրենքների ստորագրումը և հրապարակումը կամ ՍԴ դիմելը: Հանրապետության նախագահն է ընդունում կառավարության հրաժարականը, փոփոխություններ է կատարում կառավարության կազմում:

Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում ևս կրճատվել են: Նորընտիր նախագահն այսուհետ կառավարության առաջարկությամբ է կնքում միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին:

Հանրապետության նախագահը հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում կրճատվել են: Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը մնում է նախագահի լիազորությունների դաշտում: Հանրապետության նախագահը լուծում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Դատապարտյալներին ներում շնորհելու մասին որոշումը ևս կայացնում է նախագահը:

Պարգևատրումը և պատվավոր կոչումների շնորհումը կրկին վերապահված է նախագահին: Նախագահը պարգևատրում է Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ:

Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը ևս նախագահի լիազորությունն է: Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության, այլ ծանր հանցագործության կամ Սահմանադրության կոպիտ խախտման համար:

Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է Սահմանադրական դատարան:

Ազգային ժողովը Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշում է կայացնում Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից:

Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում է լինում:

Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին:

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ձևավորման կարգը սահմանվում է օրենքով: