Սիրիան սպառնացել է խոցել թուրքական ինքնաթիռները՝ Աֆրինի վրա հարձակվելու դեպքում


Սիրիան սպառնացել է խոցել թուրքական ինքնաթիռները՝ Աֆրինի վրա հարձակվելու դեպքում
Հունվար 19 18:00 2018

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կխոցեն թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե Թուրքիան դրանցով հարձակվի Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանի վրա:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերից արած հայտարարության մեջ Միքդադը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվելիք ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես հարձակում:

«Սիրիայի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է ոչնչացնել թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե դրանք փորձեն որևէ հարձակում իրականացնել»,- ասել է արաբական հանրապետության փոխարտգործնախարարը:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ Անկարան Աֆրինի վրա հարձակման ժամանակ օդուժ օգտագործելու նպատակով բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ՝ հիշեցնելով, որ Սիրիայի օդային տարածքի հիմնական մասի հսկողությունն իրականացնում են Սիրիայի Լաթաքիա քաղաքում տեղադրված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը:

Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ճյուղավորում: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն: Մասնավորապես Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե Սիրիայի քրդերը վտանգ ստեղծեն իրենց սահմանների համար, ապա իրենք կներխուժեն Սիրական Աֆրին և Մանբիչ շրջաններ, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ: Վերջին օրերին մի շարք թուրք պաշտոնյաներ արդեն հայտարարել են մոտ օրերս Աֆրինում ռազմագործողություն սկսելու մասին:

Աղբյուր` Ermenihaber.am