Երբ ընտրությունները դեռ չեն էլ մոտեցել


Երբ ընտրությունները դեռ չեն էլ մոտեցել
Հունվար 19 11:38 2018

Թուրքիան պատրաստվում է ընտրությունների:

Նախընտրական կոալիցիաների ձևավորումը, նախագահի թեկնածության առաջադրումը, հաղթանակի ու պարտության հնարավոր սցենարների ուրվագծումը հունվարի առաջին տասնօրյակի ամենաքննարկվող թեմաների շարքում էին:

Զավեշտալին այն է, սակայն, որ ընտրությունները նախատեսված են 2019 թ. նոյեմբերին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էլ՝ 2019 թ. մարտին: Այս պահից ցուցաբերվող ակտիվությունն երկու ակնհայտ պատճառ ունի: Առաջինը՝ թերևս արտակարգ դրության անընդհատ երկարաձգումից, երկրի տնտեսական վիճակի վատթարացումից, արտաքին քաղաքական դաշտում իրար հետևող անհաջողություններից ժողովրդի ուշադրությունը շեղելու, քննարկումների համար նյութ ստեղծելու ցանկությունն է: Երկրորդն էլ այն, որ նույնիսկ Էրդողանի անձնական վարկանիշի անկման պայմաններում 2016 թ. հուլիսի 15-ից հետո չդադարող ձերբակալությունների ու ընդդիմադիրների հալածանքների համատեքստում այլընտրանքի գոյությունը լոկ պատրանք է: Ընդ որում, բանակի դերի՝ Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ նվազումն ու վախի մթնոլորտի հետևողական սերմանումը այս փաստի ևս մեկ ապացույցն է:

Ծայրահեղ աջակողմյան Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դ. Բահչելին, որ ունի իր քիչ թե շատ հստակ ընտրազանգվածը, հայտարարել է Էրդողանին աջակցելու մասին:

Որպես ընդդիմադիր հանդես եկող մյուս կուսակցությունները, այդ թվում նաև քեմալական ժողովրդահանրապետական կուսակցություն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը որոշակի ձայներ կհավաքեն, սակայն հաղթանակը քիչ հավանական են համարում թե՛ օտարերկրյա, թե՛ թուրք փորձագետները:
Էրդողան-Բահչելի դաշինքը լիովին համապատասխանում է թուրքական իշխանությունների վերջին տարիների գործելակերպին: «Կարմիր» սուլթան Աբդուլհամիդին իր քաղաքական կուռք հռչակած Էրդողանը ընտրություններում հաղթանակի դեպքում թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ կխորացնի պանիսլամական և պանթյուրքիստական վեկտորը:Իրադարձությունների նմանզարգացումը համաշխարհային հասարակության համար ամենացանկալին չէ: Ուստի հնարավոր է, որ գալիք ամիսների ընթացքում ներկայումս առավել հավանական թվացող սցենարը վերախաղարկվի:

Էրդողանն իր քաղաքական թշնամիներին սիրում է ասել. «Մի գիշեր անսպասելի կարող ենք գալ»: Գու՞ցե այս անգամ նրա հետևից եկողներ լինեն: 

Նաիրա Պողոսյան