Երեւանում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. Մայրը տեղում մահացել է


Երեւանում դպրոցի մոտ վրաերթի են ենթարկել մորն ու 10-ամյա դստերը. Մայրը տեղում մահացել է
Հունվար 19 02:50 2018

Այսօր՝ հունվարի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Ford մակնիշի 34 QF 395 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 39-ամյա Արկադի Գևորգյանը Բագրատունյաց փողոցում՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության թիվ 63 հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ վարերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է։ Իսկ մյուս վրաերթի ենթարկվածին՝ երեխային, բուժբրիգադը նախ տեղում օգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վրաերթի ենթարկված 10-ամյա աղջիկը մայր ու դուստր են, ովքեր փողոցն անցնելիս են հետիոտնի համար նախատեսված վայրով։ Մայրը երեխային տեղափոխելիս է եղել դպրոց, և այդ ժամանակ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։ Վարորդը փախուստի չի դիմել, մեղայականով ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին։