Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր տղաներին. «ՀԺ»


Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր տղաներին.  «ՀԺ»
Հունվար 18 08:39 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդին, ինչպես նաեւ քաղաքապետի աներորդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի տղան, որոնք զորակոչային տարիքի են, առողջական խնդիրների պատճառաբանությամբ, ընդ որում՝ երկուսն էլ նույն ախտորոշմամբ, ազատվել կամ ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով Տարոն Մարգարյանի որդու վերաբերյալ մեր հարցմանը, պատասխանեց. «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ Երեւանի քաղաքապետի որդին առողջ է, եւ այսօր սովորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում»: Նա հավելեց, որ Տարոն Մարգարյանի տղան Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանի ուսանող է, սովորում է պետպատվերով ուսուցման համակարգում: Այսինքն՝ օգտվում է պարտադիր զինվորական ծառայությունից տրամադրված տարկետման իրավունքից եւ այժմ բանակում չէ այդ պատճառով:

Երեւանի քաղաքապետի որդին, ինչպես տեղեկացանք Տնտեսագիտական համալսարանի ռեկտորատից, սովորում է ֆինանսական ֆակուլտետում: Նա առաջին կուրսի ուսանող է: Հատկացված տեղերի ընդհանուր քանակը եղել է 200-ը, որոնցից 12-ը՝ պետպատվերով (անվճար): Դրանցից մեկը, փաստորեն, բաժին է ընկել քաղաքապետի որդուն:

Բազմազավակ՝ վեց երեխաների հայր Տարոն Մարգարյանի երկրորդ որդին նույնպես շուտով զորակոչային տարիքի կդառնա: Եվ հավանական է՝ ժամկետային զինծառայության չմեկնելու հիմքերը նրա համար են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի համաձայն, բուհում պետպատվերով ուսանելն այլեւս չի համարվում բանակից տարկետում ստանալու հիմք:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի երկրորդ որդու վերաբերյալ մեր հարցմանը, քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետն ասաց. «Նա դեռեւս զորակոչային տարիքի չէ, ու դադարեցրեք ստահոդ տեղեկատվություններ տարածելը»: Ճշտող հարցին, թե այսինքն՝ իրականությանը չի՞ համապատասխանում այն, որ նա առողջական խնդիրների պատճառաբանանությամբ չի մեկնելու ժամկետային զինծառայության, Արթուր Գեւորգյանն արձագանքեց. «Չի համապատասխանում իրականությանը: Դուք հիմա խոսում եք ոչ զորակոչային տարիքի մարդու, ըստ էության՝ անչափահասի մասին»:

Քաղաքապետի երկրորդ որդին զորակոչային տարիքի կդառնա հաջորդ տարի: «Հաջորդ տարի կզանգեք, կպատասխանենք նաեւ տվյալ հարցին»,- արձագանքեց Արթուր Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին, մեզ չհաջողվեց նրանից մեկնաբանություն ստանալ՝ որդուն առողջական խնդիրների պատճառաբանությամբ պարտադիր զինծառայությունից ազատելու մտադրության ու նախապատրաստության մասին: Նրա օգնականը փոխանցեց, որ անձնական բնույթի հարցերին չի պատասխանում: Առաջարկել դիմել անձամբ պատգամավորին, ասաց, որ հիմա նրան հարմար է խոսել եւ կարող ենք զանգահաարել: Բայց ԱԺ պատգամավորը մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարանի աներորդին նույնպես բազմազավակ հայր է: Չորս որդիներից ավագը սովորում է ավագ դպրոցում եւ շուտով կավարտի այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...