Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի․ «Ժամանակ»


Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի․ «Ժամանակ»
Հունվար 16 04:13 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամանորյա տոներից ու իր արձակուրդից վերադարձած Կարեն Կարապետյանն աշխատանքային առաջին օրն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային եւ մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թվականի անելիքներին: Կարեն Կարապետյանի առաջին կանգառը թերեւս խորհրդանշական է, որովհետեւ հատկապես հարկային մարմինները դարձել են գործող վարչապետի հիմնական հենարանը:

Կարեն Կարապետյանը վարչապետության ավելի քան մեկ տարվա ընթացքում տապալել է գործունեության հռչակված ուղղությունները եւ նրա հույսը մնացել է հարկային կոշտ վարչարարությունը: Կարեն Կարապետյանը վարչապետության մեկնարկին խոսում էր կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ինչն ինքնին բերելու էր տնտեսության կառուցվածքի փոփոխությանը եւ մոդեռնիզացիային:

Ավելորդ է ասել, որ այս ուղղություններով որեւէ առաջընթաց չի գրանցվել, եթե հաշվի չառնենք բանանի մենաշնորհի վերացման մասին էժանագին PR-ը: Ի դեպ, հունվարի 1-ից երկրում արձանագրված գների սպեկուլյատիվ աճը վկայում է, որ երկրում գործ ունենք օլիգոպոլ, մոնոպոլ տնտեսության հետ: Կոռուպցիայի բարձր մակարդակը շարունակում է մնալ Հայաստանում ԱՄՆ եւ Եվրամիության դեսպանների մտահոգությունների հիմնական թեման: Մոնոպոլիզացված եւ կոռումպացված տնտեսություններում ներդրումներ լինել չեն կարող, եթե նույնիսկ ստեղծվեն ներդրողների մի քանի ակումբներ կամ անցկացվեն համազգային բազմաթիվ համաժողովներ:

Խնդիրը` տնտեսության կառուցվածքն ու կառավարման որակն են, որոնք նպաստում են ոչ թե ներդրումներին, այլ` կապիտալի արտահոսքին: Կարեն Կարապետյանի ռազմավարական մյուս ուղղությունը ՏՏ ոլորտի զարգացումն է, սակայն այդ ոլորտի պատասխանատուները ահազանգում են IT ոլորտի ոչնչացման վտանգի մասին հունվարի 1-ից եկամտահարկի շեմի բարձրացման ֆոնին: Հարկային մարմինները դարձել են Կարեն Կարապետյանի մահակը, որի միջոցով Կարեն Կարապետյանն ապահովում է բյուջետային հոսքերը` հասարակությանը կեղեքելու միջոցով:

ՊԵԿ-ի գործունեության փիլիսոփայության մեջ որակական որեւէ տեղաշարժ չի եղել. այն միջոց է` ընդդիմախոսների բերանը փակելու, մերձավորներին խրախուսելու համար: Հարկային օրենսգրքի փոփոխությունները սպանում են Հայաստանի տնտեսությունը, սակայն ավելի անկաշկանդ են դարձնում ՊԵԿ-ի ձեռքերը: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Կարեն Կարապետյանը այսօր ՊԵԿ-ում հանդես է եկել ուշագրավ լատենտ քաղաքական հայտարարությամբ:

Եթե Սերժ Սարգսյանը թանկացումներին նվիրված խորհրդակցության ժամանակ խոսել էր տարվա երկրորդ կեսի անելիքների մասին` հասկացնելով, որ ապրիլին իշխանությունից հեռանալու մտադրություն չունի, ապա Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում այսօր ասել է, թե «2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետեւողական աշխատենք»` դարձյալ ակնարկելով, որ ապրիլին հեռանալու մտադրություն չունի: Սա խոսում է այն մասին, որ ապրիլին ընդառաջ ներհամակարգային պայքարը սրվելու է կամ առնվազն նոր դրսեւորում է ստանալու ապրիլից հետո, եթե նույնիսկ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, որովհետեւ Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում