Փաշինյանը՝ երթի եւ «Ելք»-ի բարոյական իրավունքի մասին


Փաշինյանը՝ երթի եւ «Ելք»-ի բարոյական իրավունքի մասին
Հունվար 15 14:32 2018

Այս շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը «Ելք»-ի նախաձեռնած հունվարի 19-ին սպասվող երթն է՝ ընդդեմ թանկացումների: Այս մասին, այսլր լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Հույս ունենք, որ այդ երթը լուրջ քաղաքական հետևանքներ կունենա։ Դա մեծապես կախված է ՀՀ քաղաքացիների մասնակցության մակարդակից, որովհետև ըստ էության Հանրապետական մեծամասնսւթյունը որդեգրում է դիրքորշում, որ ՀՀ քաղաքացիները ըմբռնումով են վերաբերում թանկացումներին և դրանով քարտ բլանշ են տվել իշխանություններին այդ բոլոր պրոցեսներն իրականացնելու և անհրաժեշտ քայլեր չձեռնակելու համար», - նշեց նա։

Փաշինյանը նկատեց, որ թանկացումների նոր ծավալ է սպասվում հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր հարկային օրենսգրքով, ուստի իրենք առաջարկում են կանխել թանկացումները՝ օրենքում փոփոխություններ կատարելով և հարկերը նախկին մակարդակի վրա թողնելով։

«Մենք կարող էինք ուղղակի հարկային օրենսգրքի նախագիծ դնել շրջանառության մեջ, բայց դուք տեսաք, որ խորհրդարանական մեծամասնությունն այսօր առավոտյան մերժեց հարկային օրենսգրքի երկու նախագիծ օրակարգ ընդգրկել, հետևաբար դրա լուծումը հնարավոր է՝ ճնշում ապահովելով, և մենք հրավիրում ենք հանրությանը դա անել», - ասաց Փաշինյանը։

Դիտարկմանը, թե արդյոք երթը կարող է սցենար փոխել և եթե դրան շատ մարդ միանա կարող են արդյոք քաղաքական պահանջներ դրվել, օրինակ, իշխանափոխության, Փաշինյանը նշեց, որ այսօր «Ելք»-ը գործում է իրեն տրված մանադատի շրջանակներում։

«Ես չեմ ուզում մեր կողմից ասվածն անհամեստ հնչի, բայց այո, «Ելք»-ն այն քաղաքական ուժն է, որն ունի և մանդատ, և բարոյական ու քաղաքան իրավունք՝ ժողովրդին առաջանորդելու, բայց այն դեպքում, եթե ժողովուրդը դա ցանկանա», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ եթե տասնյակ հազարավոր մարդիկ միանան իրենց կոչին, ապա ԱԺ-ն չի կարող անտեսել պահանջը։



loading...