Մեր որդեգրած քրիոստոնեական արժեքները գթասրտություն են պահանջում, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է.Շարմազանով


Մեր որդեգրած քրիոստոնեական արժեքները գթասրտություն են պահանջում, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է.Շարմազանով
Հունվար 15 08:46 2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում գնահատական տալ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչից: «Պետք է զերծ մնանք էմոցիոնալ գնատահատականների գայթակղությունից և իշխանության ներկայացուցիչներին, օրինակ, պաշտպանության նախարարին, քննադատելու համար ցակացած հումանիստական քայլ այլ տեսանկյունից ներկայացնենք։Այս իմաստով ես որևէ գնահատական չեմ ուզում տալ, բայց կարծում եմ, որ մեր որդեգրած քրիոստոնեական արժեքները գթասրտություն են պահանջում, ինչն էլ Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է», - նշեց Շարմազանովը լրագրողների հետ զրույցում։

Վերջինս նկատեց, որ դրական է գնահատում , որ Վիգեն Սարգսյանը բացի ի պաշտոնե ունեցած պարտականությունները կատարելուց զբաղվում է նաև դրամահավաքով։ «Ես նորմալ եմ համարում, որ պաշտպանության նախարարը բացի իր պարտականություններից նաև կարողանում է կոչով հանդես գալ, իր անձնական ներդրումն ունենալ, որպեսզի մենք կարողանանք նաև հասարակական աջակցություն ապահովել»,- նշեց նա՝ կոչ անելով չաղավաղել փաստերը. «Դա բանակի համար հրապարակային գումարներ հավաքել չէ, մի աղավաղեք»։ ԱԺ փոխնախագահը նշեց, որ ՀՀ-ում նույն վիրահատություն իրականացնելու միջոցներ ունեն, բայց քանի որ զինվորի ծնողները ցանկանում են վիրահատությունն այն արտերկրում իրականացնել, դրա համար մեծ գումար է անհրաժեշտ, իսկ Պն-ն ձեռքերը չի լվացել ու փորձում է օգնել։ Շարմազանովը նաև անդրադարձավ 1000 դրամների նախաձեռնությանը՝ նշելով, որ որևէ մեկը չի կարող ասել, որ դրանից մեկ լումա անգամ այլ նպատակով չի ծախսվում։ «Եզակի նախաձեռնություն է ու որևէ մեկն այսօր չի կարող ասել, որ 1000-ական դրամների մի լումա ծախսվում է այլ նպատակներով։ Ամեն ինչ վերահսկվում է ու սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ՊՆ նախաձեռնությունը շատ ճիշտ նախաձեռնություն էր, ավելին, այսօր նախարարությունն ու նախարարը չեն արել մի քայլ, որ դրա համար դուք կարողանաք քննադատել», - նկատեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին էր միացել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»։

Փայլակ Ֆահրադյան