Գազը բաց թողնելու միջոցառում է. ՀՀԿ-ն՝ ԱԺ-ում, ԵԼՔ-ը՝ փողոցում «կպայքարեն» գնաճի դեմ


Գազը բաց թողնելու միջոցառում է. ՀՀԿ-ն՝ ԱԺ-ում, ԵԼՔ-ը՝ փողոցում «կպայքարեն» գնաճի դեմ
Հունվար 15 10:25 2018

Հաշվի առնելով հասարակական եւ քաղաքական շրջանակներում, առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաեւ այս առնչությամբ Սերժ Սարգսյանի առաջարկները ԱԺ նախագահի նախաձեռնությամբ, հունվարի 23-ին, ժամը 11-ին ԱԺ նիստերի դահլիճում հրավիրվում է առանձին ապրանքնատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումներ: Այս մասին, այսօր ԱԺ քառօրյայի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Խնդրում եմ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին իրավասու մյուս հանձնաժողովների հետ համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումների անցկացումը՝ ապահովելով իրավասու եւ շահագրգիռ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը»,-նշեց նա:

Թեմային վարման կարգով անդրադարձավ նաեւ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ հնարավոր թանկացումների մասին իրենք խոսել են դեռեւս նախորդ տարի եւ նշել, որ հունվարի մեկից նոր գնային բարձրացումներ են լինելու: «Այդ պահին չէի՞ք մտածում, որտեղից է ձեր զարմանքը հարգելի գործընկերներ, հիմա այդ լսումները անհիմաստ է կազմակերպելը, գազը բաց թողնելու միջոցառում է»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում գնաճը զպսելու եւ առկա վիճակը մեղմելու միակ եւ ճիշտ լուծումը հունվարի 19-ին փողոց դուրս գալն է:
Քաղաքացիներին՝ ընդդեմ թանկացումների նախատեսված երթին մասնակցելու կոչով դիմեցին նաեւ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը: