Գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել․ Վիգեն Սարգսյանին փոխարինող են գտել․ «ՀԺ»


Գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել․ Վիգեն Սարգսյանին փոխարինող են գտել․  «ՀԺ»
Հունվար 12 08:11 2018

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ն նախօրեին գրել էր, որ Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:

Նույն օրը երեկոյան Երեւանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա է եղել անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը եւ որոշակի ազդեցություն ունեցող այլ անձինք:

Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, գեներալիտետը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի եւ այս օրերին արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել՝ սույն շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ: Խոսքը Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանի մասին է: Վերջինս, հիշեցնենք, մինչ ԱԻՆ տեղափոխվելը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք:

Մեզ հայտնի դարձավ, որ գեներալիտետի նախաձեռնած հանդիպումները շարունակական են լինելու եւ մինչ ապրիլի 9-ը, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, վերջինիս կներկայացվի, թե ինչպիսի լայն շրջանակ է Դավիթ Տոնոյանին ապագա կառավարությունում տեսնում որպես ՀՀ պաշտպանության նախարար: Զինվորական բարձրագույն շրջանակներում համարում են, որ այս պոստում Հայաստանին լուրջ ստրատեգ է պետք: Ի դեպ, այստեղ ի սկզբանե դեմ են եղել Վիգեն Սարգսյանին ՊՆ տեղափոխելու որոշմանը:

Վիգեն Սարգսյանին էլ նախարարի կարգավիճակով արտաքին գործերի նախարարություն տեղափոխելուց բացի քննարկվում է նրան Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հնարավորությունը եւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում