Հայաստանի կառավարությունը 2500 եվրո կվճարի Ալեքսանդր Արզումանյանին


Հայաստանի կառավարությունը 2500 եվրո կվճարի Ալեքսանդր Արզումանյանին
Հունվար 11 14:30 2018

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է ընդդեմ Հայաստանի հերթական որոշումը։ «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրադատարանը ճանաչված է համարել այն, որ խախտվել է Արզումանյանի ազատության և անվտանգության իրավունքը, որն ամրագրվում է Եվրակոնվենցիայի 5-րդ հոդվածով, հայտնում է iravaban.net-ը։

Գանգատաբերը ներկայումս Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն է: Նա նախկինում եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ Նրա շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Գործի նյութերի համաձայն, 59-ամյա Ալեքսանդր Արզումանյանի ազատության իրավունքը խախտվել այն ժամանակ, երբ առաջնորդել է «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժումը։ 2007 թվականի մայիսի 5-ին ձերբակալվել է՝ փողերի լվացման գործով։ Մեղադրանք է առաջադրվել և նույն թվականի մայիսի 10-ին որպես խափանման միջոց կալանքի ժամկետ է սահմանել երկու ամիս՝ պատճառանելով, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Արզումանյանը կարող էր խոչընդոտել գործի քննությանը՝ ազդելով գործով ներգրավված անձանց վրա։ Չհիմնավորված լինելու պատճառով այս որոշումը բողոքարկվել է ներհայաստանյան ատյաններում, այնուհետև Ալեքսանդր Արզումանյանը դիմել է ՄԻԵԴ։

Որպես ոչ նյութական վնաս Արզումանյանը Հայաստանի կառավարությունից պահանջել է 81 հազար եվրո և շուրջ 2000 եվրո՝ դատական ծախսերի փոխահատուցման համար։ Եվրադատարանը ճանաչել է իրավունքի խախտումը և պարտավորեցրել է ՀՀ-ին՝ որպես ոչ նյութական վնասի փոխահատուցում երեք ամսվա ընթացքում Ալեքսանդր Արզումանյանին վճարել 2000 եվրո և 500 եվրո՝ դատական ծախսերի հատուցում։